Կուբայի Գուանտանամո ծովածոցում տեղակայված՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռազմակայանի հրամանատար Ջոն Նեթլթոնը պաշտոնանկ է արվել՝ «կապված նրա նկատմամբ վստահության կորստի հետ»: Այս մասին հաղորդում է Associated Press-ը հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ Նեթլթոնն այս պահին գտնվում է հետաքննության ուշադրության կենտրոնում, սակայն զերծ է մնացել այլ մանրամասներ փոխանցելուց: Ենթադրաբար խոսքը Քրիստոֆեր Թուրի սպանության մասին է, ում կնոջ հետ հրամանատարը սիրային կապի մեջ է եղել: Սպանվածի մարմինը ծոցում հայտնաբերվել էր հունվարի 11-ին:
Հիշեցնենք, որ հենց այս ռազմակայանի տարածքում է գտնվում խիստ վտանգավոր ահաբեկիչների համար նախատեսված բանտը, որի փակմանն է փորձում հասնել Բարաք Օբամայի վարչակազմը:
Գուանտանամոյի ռազմակայանն ԱՄՆ-ը Կուբայից անժամկետ վարձակալել է 1903թ.-ին: Թեև պաշտոնական Հավանան պնդում է, որ ամերիկացի զինվորականները պետք է հեռանան, դա հնարավոր է միայն երկկողմ համաձայնությամբ: