տուն Լուրեր Պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղան այլընտրանք չունի. Մխիթար Հայրապետյան

Պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղան այլընտրանք չունի. Մխիթար Հայրապետյան

139
0

76313087

Եթե ՀՀ-ն վճռել է Արցախյան հակամարտությունը լուծել խաղաղ՝ բանակցային ճանապարհով, ապա մեզ համար հետայսու միակ ընդունելի տարբերակը պետք է լինի ուղիղ բանակցություններն Արցախի և Ադրբեջանի միջև։ Այսօր կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության հարցը միայն քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման դարձնելն այլևս ոչինչ է, հարկավոր է հնարավորինս արագ պաշտոնական Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղան։

Նորություն չէ, որ մինչև 1997 թվականը ադրբեջանական ղեկավարությունը ուղղակի շփումներ է ունեցել Արցախի հետ, ինչը, ի դեպ, վկայում են Արցախի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից ստորագրված մի շարք փաստաթղթեր։ Այսպես, Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ամրագրված է հրադադարի մասին 1994 թվականի Բիշքեկի արձանագրության մեջ, որը ստորագրել են երեք կողմերը` Արցախը, Հայաստանը և Ադրբեջանը։ Այո, 1994 թվականի մայիսին ստորագրված զինադադարի մասին համաձայնագրի տակ դրված է նաև Արցախի պաշտպանության նախարարի ստորագրությունը. այդ ստորագրությունը արցախյան կողմի առաջադրված պարտադիր պայմանն էր` կրակը դադարեցնելու համար: ԵԱՀԽ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովում, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավար խորհրդի առաջին հանդիպմանը գործող նախագահի` 1995 թվականի մարտի 31-ի Պրահայի եզրակացության մեջ ևս կարելի է գտնել վերոնշյալ կողմերի ներկայացուցիչների ստորագրությունները։

Արցախի՝ բանակցային գործընթացից դուրս մղվելը մեր դիվանագիտության ամենամեծ ձախողումներից է։ Սակայն փորձենք հասկանալ, թե այդ ինչպես ստացվեց, որ Արցախը դուրս մնաց և ով դուրս մղեց նրան բանակցային գործընթացից։ Ինչպես նշեցինք, մինչև 1997 թվականը Արցախը մշտապես մասնակցել է բանակցություններին, Մինսկի խմբի ցանկացած առաջարկություն պետք է ստանար եռակողմ համաձայնություն, այսինքն` ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի կողմից։ Ասածի ապացույցն էլ այն փաստն է, որ ժամանակին միջնորդների որոշ առաջարկություններ չեն ընդունվել միմիայն այն պատճառով, որ դրանց նկատմամբ որոշակի վերապահումներ է ունեցել արցախյան կողմը։ Խոսքը 1997-ի Մինսկի խմբի այն երկու առաջարկների մասին է, որոնցով ՀՀ-ին, Արցախին և Ադրբեջանին կոչ էր արվում համաձայնել Արցախի հարցի փուլային, ապա և փաթեթային լուծմանը։ Արդյունքում, ճիշտ է, արցախյան կողմը մեկուսացվեց բանակցային գործընթացից։ Կարևոր է խոստովանել, որ այս ձախողման մեջ իրենց մեղքի բաժինն ունեցել են ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի նախկին և ներկա իշխանությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արցախի ղեկավարությունները՝ մեկը շատ, մեկը քիչ, բայց նրանք բոլորն էլ թերացան այս հարցում։ Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահն ու սպարապետը սխալվեցին իրենց քաղաքական հաշվարկներում, իսկ Քոչարյանը, որն Արցախի Հանրապետության նախագահ եղած ժամանակ մերժում էր նախագահների հանդիպումների ձևաչափում Արցախի իշխանություններին փոխարինելու հնարավորությունը, ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո փոխեց իր դիրքորոշումը՝ ցանկանալով բանակցություններում ներկայացնել և´ ՀՀ-ն, և´ Արցախը։ Դե իսկ Սերժ Սարգսյանի՝ ինչպես երկրի ներքին կառավարման հարցերում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում կրած ֆիասկոները չափ ու սահման չունեն. Սարգսյանը բանակցային գործընթացից Արցախի մեկուսացմանը տվեց նաև փաստաթղթային ձևակերպում՝ Մայենդորֆի հռչակագրի տեսքով։ Սույն փաստաթուղթը պատմության մեջ առաջինն էր այն առումով, որ ստորագրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների կողմից, և Արցախի` ոչ հակամարտային կողմ լինելը առաջին անգամ փաստաթղթային վավերացում ստացավ։ Մինչդեռ մենք այս ամենի մասին հաճախ լռում ենք, առհասարակ, սեփական սխալներն ու բացթողումները բարձրաձայնելու հարցում միշտ էլ թերացել ենք։

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ակնհայտ է, որ վերջինս համար մեկ շահագրգիռ կողմն էր արցախյան կողմին բանակցային գործընթացից օտարելու հարցում։ Ադրբեջանը պահանջել և ցայսօր շարունակում է շեշտադրել հենց ՀՀ-ի հետ բանակցելու փաստը, որպեսզի հիմնավորի հակամարտության կարգավորման իր մոտեցումը, այն է՝ տարածքային ամբողջականության շրջանակներում։ Բանն այն է, որ ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ Արցախի հետ ուղիղ բանակցությունները համաշխարհային հանրության կողմից կարող են ընկալվել որպես ինքնորոշման սկզբունքի ամրապնդում։

Հակամարտության կարգավորման ընթացիկ ձևաչափը` առանց Արցախի մասնակցության, փաստորեն, խախտում է հակամարտության երեք կողմերի մասին ԵԱՀԿ պաշտոնական որոշումները և չունի հեռանկար։ Ուստի ՀՀ-ն պետք է ջանք չխնայի Արցախի մասնակցությամբ լիարժեք ձևաչափային բանակցությունները հակամարտության կարգավորման գործուն մեխանիզմը դարձնելու ուղղությամբ։ Պաշտոնական Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղան այլընտրանք չունի։

 

Մխիթար Հայրապետյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ