ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար 35/37, 35/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝ համապատասխանաբար Նազելի Հրաչի Բաղդասարյանի եւ Հովհաննես Ասատուրի Մաթեւոսյանի փոխարեն քվեարկելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրողների անվան դիմաց լրացվել են մտացածին տվյալներ, եւ նրանց փոխարեն քվեարկություն են կատարել հանձնաժողովների անդամները։
Թիվ 34/01 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Է.Եֆրեմովին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 33/35 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է Գյումրի քաղաքի թիվ 34/01 ընտրատեղամաս եւ օգտվելով նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի անփութությունից եւ բարձրաձայնելով դեռեւս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու անվան դիմաց առկա հերթական 1638 համարը, հանձնաժողովի անդամին է ներկայացրել իր նույնականացման քարտը: Նախնական քննության տվյալներով՝ Է.Եֆրեմովն ստորագրել է Մաթիլյան Ռոզիկի անձնական տվյալների դիմաց, ստացել է համապատասխան նմուշի քվեաթերթիկ ու քվեարկել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Եֆրեմովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Թիվ 34/06 ընտրատեղամասում Գագիկ Ժորժիկի Գեւորգյանի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել Գյումրու բնակիչ Ա.Դարբինյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 34/05 ընտրողների ցուցակում եւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մասնակցել հանրաքվեին։ Ապա ներկայացել է Գյումրի քաղաքի թիվ 34/06 ընտրատեղամաս եւ բարձրաձայնելով դեռեւս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու՝ Գագիկ Ժորժիկի Գեւորգյանի անվան դիմաց առկա հերթական համարը՝ ներկայացրել իր նույնականացման քարտը, ստորագրել նրա անվան դիմաց եւ քվեարկել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Է.Եֆրեմովի եւ Ա.Դարբինյանի մասով քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։