«Հիմնադիր խորհրդարանը» քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ձերբակալվել է քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նշվում է նաև, որ նրա շահերը պաշտպանելու է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ինչպես Araratnews.am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը, ինքը քիչ առաջ է հանդիպել Ալեք Ենիգոմշյանի հետ: «Նա որեւէ դժգոհություն չունի վարչակազմի աշխատակիցներից, սակայն, օբյեկտիվ պատճառներից ելնելով, երկար չի կարող դիմանալ, որովհետեւ նա չի տեսնում եւ մեկ ձեռք ունի, չի կարող ուտել: Նա զրկված է հնարավորություններից: Նրան պետք է տրամադրել համապատասխան համակարգիչ, նյութերին ծանոթանալու համար պետք է ֆլեշկայի միջոցով կարողանա վերարտադրել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք չի առաջադրվել, դեռ 72 ժամը չի լրացել:
Հավելենք, որ Ենիգոմշյանին կասկածում են հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Նա այժմ պահվում է ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում:
Հիշեցնենք, որ Ենիգոմշյանը նախօրեին է բերման ենթարկվել ԱԱԾ: Փաստաբանի կարծիքով` իրականում նպատակ է հետապնդվում ինչ-որ մարդկանց մեկուսացնելու, նրանք մեղավոր չեն: