«Ոստիկանները 11 ժամ շարունակ զգուշացնում էին, բայց պարզապես չհասկացա միտինգավորների նպատակը որն էր՝ հարցին լուծում տալը, թե պարզապես աղմկելն էր»,- ԱԺ -ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործադրած ուժի կիրառմանը:
Լրագրողների հարցին, թե ցուցարարները օրենքին հակասող ի՞նչ քայլ են արել, կամ քաղաքացիական հագուստով մարդկանց ծեծելը օրենքի շրջանակում է պատասխանեց․
«Ոստիկանները օրենքին հակասող որևէ քայլ չեն արել, եթե կան այլ խնդիրներ, ուրեմն իրավապահները կզբաղվեն, բայց երբ որ նախագահի հրավերը մերժում են, ես դա չեմ հասկանում»,- եզրափակեց նա:
Նշենք, որ երեկ գիշերը էլեկտրաէներգիայի հոսանքի սակագնի բարձրացման դեմ հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիա և նստացույց էին իրականացնում Բաղրամյան պողոտայում, սակայն առավոտյան 05.30-ի ոստիկանների գործադրած բռնի ուժի և ջրցան մեքենաների կիրառման պատճառով ակցիայի մասնակիցներից և լրագրողներից տարբեր վնասվածներով հիվանդանոց են տեղափոխվել: