տուն Լուրեր ՊԱՐՏԱՎՈՐ ենք ռազմական աջակցություն ցույց տալ Ռուսաստանին. ՕԵԿ ղեկավարի հարցազրույցը КП-ին

ՊԱՐՏԱՎՈՐ ենք ռազմական աջակցություն ցույց տալ Ռուսաստանին. ՕԵԿ ղեկավարի հարցազրույցը КП-ին

93
0

artur

Իրեն «ընդդիմադիր» հռչակած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել Komsomolskaya Pravda-ին, որում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին` Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին ժամանակներս առաջացած լարվածության համատեքստում:

Մասնավորապես, խոսելով ՌԴ Պետդումայում հայտնված օրինագծի վերաբերյալ, որը ենթադրում է անվավեր ճանաչել Կարսի և Մոսկվայի 1921 թվականի պայմանագրերը, Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այս հարցում պատշաճ նախաձեռնողականություն չի ցուցաբերել:

«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի կոշտ դիրքորոշում հայտնեինք այն պայմանագրերի վերաբերյալ, որոնց հետևանքով մենք կորցրել ենք մեր պատմական հողերը»,- ասել է նա:

Լրագրողը նաև Բաղդասարյանից հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում կունենա Հայաստանը ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում:

«Եթե Ռուսաստանին Հայաստանի աջակցությունն անհրաժեշտ լինի, իսկ մենք ընդհանուր սահման ունենք Թուրքիայի հետ, միանշանակ կանենք այն ամենը, ինչ պետք կլինի մեր դաշնակից Ռուսաստանին»,- ասել է նա:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Բաղդասարյանը նաև ռազմական աջակցություն նկատի ունի.

«Իհարկե, նաև ռազմական: Ոչ միայն կարող ենք աջակցություն ցուցաբերել, այլ ՊԱՐՏԱՎՈՐ ենք: Եվ ոչ միայն որպես ՀԱՊԿ անդամ. մենք առանձին պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, որը երաշխավորում է մեր սահմանների անվտանգությունը։ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան,  եւ կարծում եմ նրա պոտենցիայի ուժեղացումը անվհանգության ամրապնդման կարեւորագույն տարրն է»,- ասել է Բաղդասարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Բաղդասարյանը պատասխանել է.

«Իսկ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Չէ որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է ՆԱՏՕ-ի նմանությամբ: Իսկ այժմ ՀԱՊԿ-ն վեց երկրների թույլ երեխա է, և, եթե հստակ քայլեր չձեռնարկենք, այն կարող է որբ մնալ: Իսկ մենք հույս ունենք այն մեծացնել և դարձնել լիիրավ խաղացողի: Հենց այս նպատակով ենք այժմ Երևանում ՀԱՊԿ ակադեմի ստեղծում, որտեղ կսովորեն բոլոր վեց երկրների ռազմական և անվտանգության ոլորտի մասնագետները… Մենք պետք է բոլորին ստիպենք հաշվի նստել մեզ հետ»,- ասել է նա: