Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում, չնայած ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի այցից հետո ուսանողները դադարեցրել են դասադուլը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:
«Նախարարի այցից հետո ուսանողները դասադուլը ժամանակավորապես դադարեցրել են, քանի որ նախարարը խոստացել էր կատարել նրանց երկու պահանջները, մեկը՝ բարձր ՄՈԳ-երով [միջին որակական գնահատականներով] ուսանողների զեղչերի վերականգնում, որը չեղարկվել էր ռեկտոր Մինասյանի կողմից, եւ երկրորդ՝ ուսումնական պլանների վերանայում, քանի որ ինստիտուտի գրեթե բոլոր բաժիններում սովորող ուսանողների մոտ տարբեր կուրսերում տեղի էր ունենում առարկաների կրկնություն»,- ասաց Համբարյանը:
Նրա խոսքով՝ իրենք ժամանակին ռեկտոր Մինասյանին զգուշացրել էին, որ նոր ուսումնական տարում այդ պլանը պետք է կիրառվի միայն առաջին կուրսի ուսանողների պարագայում, սակայն Մինասյանը հայտնել էր, թե մասնագետներն իրեն խորհուրդ են տվել այն կիրառել բոլոր կուրսերի համար: «Ուսանողների հետ հանդիպման ժամանակ պարոն նախարարը ռեկտորի ներկայությամբ հորդորել էր ուսումնական պլանները փոփոխելու դեպքում դիմել դատախազություն, այսինքն` դրանից հետեւություն, որ ԿԳ նախարարը գոնե ուսանողների մոտ ընդունել է, որ տեղի է ունեցել հանցագործություն: Ի դեպ, մեզ հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրեցինք մի քանի փաստաթուղթ, որոնք ապացուցում են, որ ինստիտուտում տեղի են ունենում ապօրինություններ եւ կամայականություններ»,- նշեց դասախոսը: Համբարյանը տեղեկացրեց, որ Լեւոն Մկրտչյանին ներկայացրել են նաեւ Սահակ Մինասյանի կողմից կատարվող անիմաստ ծախսերի մասին տվյալներ, մասնավորապես, թե նա ինչպես եւ որքան գումար է ծախսել դահլիճի եւ բուֆետի վերանորոգման համար:
Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն, եւ հնարավո՞ր է կանխել Սահակ Մինասյանի ապօրինությունները, Գագիկ Համբարյանը նշեց. «Նախարարը մեզ հետ հանդիպումից հետո շատ տարօրինակ մեկնաբանություններով հանդես եկավ: Նախ` նա փորձեց մեր բարձրացրած հարցերը տեսնել միջանձնային հարաբերությունների հարթությունում, որը տարրական սուտ է, եւ չի համապատասխանում իրականությանը: Մենք փաստերով ենք հանդես գալիս, ի՞նչ միջանձնային հարաբերությունների մասին է խոսքը, եւ երկրորդն այն էր, որ պարոն նախարարը, փորձելով ստանձնել պարոն Մինասյանի օմբուդսմենի դերը, հայտարարել է, որ չարաշահումները, խնդիրները խորքային չեն: Շատ հետաքրքիր է, խորքայինը ո՞րն է, երբ պարոն Մինասյանը ուսանո՞ղ սպաներ կամ դասախո՞ս»,- հարցադրում է անում Գագիկ Համբարյանը:
Նա հիշեցրեց, որ Սահակ Մինասյանը ոչնչացրել է համալսարանի գրադարանը, որը ներկայացվել է փաստերով: Նշենք, որ դասախոսները դիմում նամակ էին հասցեագրել Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին: Գագիկ Համբարյանը տեղեկացրեց, որ նրանք իրենց նամակին դեռ չեն արձագանքել, չնայած կարծում է, որ վերջիններիս հրահանգով էր Լեւոն Մկրտչյանը Գյումրի ժամանել: «Զավեշտալին այն է, որ պարոն Մկրտչյանը իրեն ցույց տվեց որպես իրական քաղաքական գործիչ: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ հորդորում է չարաշահումների փաստով դիմել դատախազություն, իսկ լրատվամիջոցներով այլ բան է հայտարարում, ինչը դժգոհությամբ է ընդունվել նրա հետ հանդիպման եկած ուսանողների կողմից»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը:
Փայլակ Ֆահրադյան