տուն Լուրեր Պան Գի Մունն անկախ մամուլը պաշտպանելու կոչ է արել

Պան Գի Մունն անկախ մամուլը պաշտպանելու կոչ է արել

85
0

893e53b82c820177c434f67a1368e8c2

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ պետությունների կառավարություններին կոչ է արել պաշտպանել անկախ ԶԼՄ-ները հետապնդումներից և ստեղծել «ազատ, անկախ և անվտանգ պայմաններ» նրանց աշխատանքի համար, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

Պան Գի Մունն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել այն լրագրողներին, ովքեր ռիսկի են ենթարկում իրենց կյանքը՝  տեղեկատվության հասանելիության մարդկանց իրավունքն ապահովելու համար։ Նա անհանգստություն է հայտնել աշխարհի տարբեր երկրներում լրագրողների դեմ բռնությունների և ճնշումների կապակցությամբ:

«Շատերը կալանքի տակ են պահվում, ոմանք սոսկալի պայմաններում՝ այն բանի համար, որ լույս են սփռել պետական կառավարման սխալների, ֆինանսական չարաշահումների և սոցիալական խնդիրների վրա»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ առանց կամարտահայտման իրավունքի մարդիկ նվազ ազատ են և ունեն ավելի քիչ հնարավորություններ։

Շվեյցարական ոչ կառավարական Press Emblem Campaign կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին աշխարհում սպանվել է 135 լրագրող, իսկ այս տարվա սկզբից՝ 40։ Լրագրողների համար աշխատանքի ամենավտանգավոր երկրներն են Իրաքը, Եմենը, Լիբիան, Սիրիան ու Սոմալին։