տուն Լուրեր Պահումներ բժիշկների աշխատավարձի՞ց. ով է ստում եւ ինչ շահ է հետապնդում

Պահումներ բժիշկների աշխատավարձի՞ց. ով է ստում եւ ինչ շահ է հետապնդում

301
0

Անցյալ տարի գրել էինք, որ  Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել  թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանին՝  պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու  հիման վրա:

Հիշեցնենք՝ 2018  թվականին ավագանու «Ելք» խմբակցության անդամները պոլիկլինիկայի  մի խումբ աշխատակիցներից  բողոքներ էին ստացել չարաշահումների մասին ու բարձրաձայնել դրանք:

Օրեր առաջ Araratnews.am-ի խմբագրություն էին դիմել պոլիկլինիկայի  մի քանի աշխատակիցներ: Նրանք վրդովված տեղեկացրին, որ  այս տարի հուլիսին իրենց աշխատավարձից  մինչեւ 25.000 դրամ պահում է եղել: «Խոստացել էին, որ պակաս գումարը կփոխանցեն օգոստոսին, սակայն մինչ օրս ոչ մի փոխանցում չի եղել: Հաշվապահությունից ոչ մի հստակ պատասխան չենք ստացել: Գումարներ պահելը մեզ հիշեցնում է նախահեղափոխական վիճակը, երբ պոլիկլինիկաներից համատարած պահումներ էին անում»,- մանրամասնեցին աշխատակիցները, հավելելով, նաեւ, որ տնօրեն Սամվել Սարգսյանը իր դեմ բողոքող մեկ այլ աշխատակցի այն վիճակի է հասցրել, որ վերջինս պետք է աշխատանքից ազատման դիմում գրի:

Պատմությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում. պոլիկլինիկայի տնօրենը իր դեմ հարուցված քրեական գործի մասին աշխատակիցներին ասել է, թե  վստահ է, որ այն կկարճվի, քանի որ ինքը հզոր կապեր ունի իրավապահ համակարգում: Ավելին՝ Սամվել Սարգսյանը կարողացել է քաղաքապետարանին համոզել, որ ինքը լավ կառավարիչ է, որովհետեւ թիվ 19 պոլիկլինիկան շահույթով է աշխատել:

Պոլիկլինիկաների «շահույթով» աշխատելու  սխեմայի մասին Araratnews.am-ը գրել էր շաբաթներ առաջ: Սխեման հետեւյալն էր՝  մինչեւ 2018 թ-ի հեղափոխությունը պոլիկլինիկաների ղեկավարությունները ներքին կարգով բժիշկներին պարտադրում էին 12 ամիս գանձարկղ վճարել  ջեռուցման գումարը, որի պատճառով նա իր աշխատավարձի մի մասը փաստացի, «կամավոր-պարտադիր» նվիրում էր առաջնային օղակին։ Արդյունքում ղեկավարներն իրենց վերադասին ցույց էին տալիս, թե իբր պոլիկլինիկան  ներդրումներ ու շահույթ է ստացել:

Բողոքի պարզաբանման համար զանգահարեցինք պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանին: Թե՛ քրեական գործի հետ կապված լուրերը, թե՛ աշխատավարձի պահումները նա որակեց խայտառակ սուտ եւ զրպարտություն: «Փոխանցե՛ք այդ աշխատակիցների տվյալները մեզ,  համատեղ կանենք քննություն եւ  արդյունքները ձեզ կասենք: Եթե այդպիսի դեպք է լինում, աշխատակիցը մոտենում է տնօրենի աշխատասենյակ: Հարցրեք նրանց՝ ինչո՞ւ  տնօրենի աշխատասենյակ չեն մտել այդ հարցի համար»:

Ինչ վերաբերում է իր «հզոր» կապերին  իրավապահ համակարգում եւ այդ ամենը աշխատակիցներին ասելուն, պոլիկլինիկայի տնօրենը դա եւս հերքեց: «Տարիուկես է, որ այդ խումբն աղաղակում է: Ի՞նչ եք կարծում՝ որեւէ տրամաբանող տնօրեն նման միտք կասի՞, եթե գիտի, որ դա հարվածելու է իրեն: Դա լկտի ստերի շարան է: Եկեք մի փոքր համբերեք: Քրեական գործը շուտով ամեն ինչ կբացահայտի»,- ասաց թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը:

Ի դեպ, Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանի դեմ՝ զրպարտության համար. ավագանու անդամը չարաշահումների մասին աշխատակիցների բողոքը լսելուց հետո նրան համարել էր «աննախադեպ կոռուպցիոներ»:

Սոնա Դավթյան