Հուլիսի 8-24-ը հացադուլ արած պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը կրկին հացադուլ է սկսել։ Նա ասաց, որ պատճառը կառավարության ոչ իրավաչափ վերաբերմունքն է իր բարձրացրած խնդիրների վերաբերյալ (հեղ․ — մայորը պահանջում է միանվագ փոխանցել զորացրվելուց հետո աշխատավարձի տասնհինգապատիկը, փոխհատուցում է պահանջում շաբաթ օրերին աշխատելու համար)։
Հուլիսի 24-ին նրա հետ կապ էր հաստատել ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Կարապետյանն ասել էր, որ խնդրի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունից և Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանից տեղեկացված է։ «Ասաց, որ վաղը ՊՆ-ն ինձ պատասխան կտա, ու խնդրեց, որ հացադուլից դուրս գամ»,- նշել էր Խաչատրյանը։
Սակայն հուլիսի 25-ին Կարապետյանը Խաչատրյանին տեղեկացրել էր, քանի որ վերջինս ծառայության վայր ներկայանալու մասով ուշացում է ունեցել, ուստի փոխհատուցում չի տրվել։
«Մարդու իրավունքների պաշտպանն էլ Եվրադատարանի նախադեպային որոշմամբ ասել է՝ «Եթե մի մարդու վրա նույնիսկ քրեական գործ է հարուցված, նա անմեղ է, քանի դեռ դատական ակտը չի մտել օրինական ուժի մեջ»։ Ի՞նչ իրավունք ունեն տվյալ պահի օրենքի պահանջը չկատարել»,- այսօր ասաց մեր զրուցակիցը։
Նա Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմում է ներկայացրել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ հայտարարելով հացադուլը վերսկսելու մասին։