Այսօր ԱԺ-ի 4 խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի համատեղ ասուլիսի ժամանակ, 4 քաղաքական ուժերը պահանջեցին պաշտոնանկ անել ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:
«Վերջին բռնարարքներից և բացահայտ «բեսպրեդելից» հետո տարբեր ՀՀԿ-ական գործիչներ իրենց ենթակա մամուլում հայտարարում էին, թե տեղի ունեցածը բացարձակապես ձեռնտու չէ իշխանությանը և նույնիսկ փորձում էին երրորդ, չորրորդ հետք գտնել։ Որևէ մեկը չէր խանգարում ՀՀԿ-ին համաձայնել արտահերթ նիստ հրավիրելուն, այլ ոչ թե իր մշտական ոճին հավատարիմ մնալով՝ տապալեր այն։ Եթե հերթական անգամ իրենք փախենում են բաց, հրապարակային քննարկումներից, խոսել փաստերով, նշանակում է, որ չունեն ասելիք: Սա մեկ բանի մասին է վկայում՝ իշխանությունը պատրաստ չէ մի բարձրաստիճան ոստիկանապետի հրաժարականը պահանջել, ով իրեն այսպիսի հայտարարություններ է թույլ տալիս»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավելեց, որ վաղը ևս մեկ արտահերթ նիստ կնախաձեռնեն և կանդրադառնան դրամի կտրուկ անկմանը։