«Համագործակցությունը մենք միշտ դիտարկում ենք որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում են արժեքային մոտեցումները, ծրագրերը. սա զուտ իրավիճակային չպիտի լինի: «Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ է մտել վերջին շրջանում, ունի իր մոտեցումները, մնացածը՝ ինչպիսի մոտեցումներ է ձևավորում Վանաձորում` կտեսնենք»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կգնա՞ն համագործակցության «Լուսավոր Հայաստանի» հետ: Նա կոչ արեց չշտապել եզրակացություններ անելու մեջ ու չենթադրել, որ իրենք չեն գնա այս կուսակցության հետ համագործակցության:
«Մենք մեր դիրքորոշումները հստակ կարտահայտենք: Դրական ենք վերաբերվում, նրանք տեսակետներ ունեն շատ հարցերում, նոր հայացք է, ստացել են քվեներ, մնացածը պաշտոնապես կհայտարարենք»,- նկատեց նա: Դիտարկմանը, թե հնարավո՞ր է համագործակցության գնան ու դաշինք կազմեն իշխանության հետ Վանաձորում և Գյումրիում, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Ոչ նման բան չի քննարկվել: Ընդհանրապես ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Չկա այդպիսի բան, այդպիսի խնդիր չկա»:
Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ վերանվանվելով` իրենք ավելի շատ վստահության քվե ստացան ու ավելի մեծ հեղինակություն ունեն, քան «Օրինաց երկիր» անվամբ, Շահգելդյանը պատասխանեց, որ վերանվանում չի եղել, մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ ՕԵԿ-ը, միավորվել են ու կազմել «Հայկական վերածնունդը»:
Շահգելդյանի խոսքով՝ ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցություն պետք է եզրակացություններ անի այս ընտրությունների ընթացքից ու արդյունքներից, ուշադրության պիտի դարձվի ընտրակաշառքների և այլ կեղծիքների դեմ պայքարի միջոցներին: