«Անցած տարի ձեր երկրում էի. ընկերուհիս հայ է և ինձ հրավիրեց Հայաստանում հանգստանալու: Այս տարի էլ որոշել էինք գնալ Արցախ, բայց հիմա, որ լսեցի այնտեղ պատերազմական իրավիճակ է, մտափոխվեցի»,-Araratnews.am-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանից Դիանա Սմիրնովան, ով միակը չէ, որ լարված իրավիճակի պատճառով հրաժարվել է հանգիստը ԼՂՀ-ում անցկացնելու տարբերակից:
Քառօրյա պատերազմն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև զբոսաշրջության վրա: Araratnews.am-ի հետ զրույցում Ղարաբաղում գործող «Վարանդա թրավել»-ի տնօրեն Արուսյակ Ադամյանն ասաց, որ ապրիլ ամսին ընդհանարապես զբոսաշրջիկներ չեն ունեցել, միայն մայիս ամսին են մի քանի հոգի եղել.«Անցած տարիների հետ համեմատած այս ժամանակաշրջանում տուրիստների թիվը կտրուկ նվազել է: Ապրիլ ամսին մենք ընդհանարապես զբոսաշրջիկներ չենք ունեցել, բայց այս մայիսին՝ ամսի 9-ի կապակցությամբ, եղել են մարդիկ, որ եկել են: Ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է: Նաև ամրագրումներ են եղել, որոնք չեղյալ են դարձրել՝ պատճառաբանելով պատերազմական իրավիճակը»,-նշեց տնօրենը և հավելեց, որ Արցախում հիմնական տուրիստները Ռուսաստանից և Եվրոպական երկրներից էին լինում, վերջին ժամանակներում նաև Չինաստանից էին սկսել գալ:
«Այս տարի մենք նաև Մոսկվա գնացինք, ցուցահանդեսների մասնակցեցինք, որպեսզի կարողանայինք ներկայացնել մեր փաթեթները, բայց երբ եկանք Հայաստան եւ մնում էր բանավոր պայմանավորվածությունը դարձնել գրավոր՝ պատերազմը սկսվեց: Հիմա ստացվում է, որ անարդյունք մնացինք այս տարի, ծախսերն արեցինք, գնացինք ցուցահանդեսի, բայց՝ ոչ մի բան: Արցախում նաև պետք է «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը լինի, որը դեռ չսկսած, արդեն շատերը հրաժարվում են մասնակցելուց. ընկերություններ կային, որ ասում էին՝ ինչ լավ է կոլեկտիվով կգանք, հիմա չգիտենք՝ կգան, թե չէ»:
Տուրիստական գործակալության տնօրենը նաև նշեց, որ այս ամառ հիմնականում ներքին զբոսաշրջության վրա ուշադրություն կդարձնեն:
«Արմտուր» տուրիստական գործակալությունում ևս շատ ամրագրումներ չեղյալ են հայտարարվել: «Արմտուր»-ի տնօրեն Արմեն Աբգարյանից տեղեկացանք, որ Արցախով հետաքրքրվող զբոսաշրջիկներից մնացել են միայն հայերը. «Այս պատերազմական իրավիճակում, բնականաբար ամեն ինչ խառնվել է իրար ու ընդհանրապես տուրիստներ չենք ունեցել, ինչքան էլ փորձում ենք բացատրել, որ իրենց պատկերացրած պատերազմը չէ և Ստեփանակերտում ղարաբաղցիներն իրենց կյանքով են ապրում:
Արմեն Աբգարյանից նաև իմացանք, որ հակառակ օտարերկրացիների՝ հայաստանցի հայերի հետաքրքրությունը Արցախի հանդեպ ավելի է մեծացել: