Լեհաստանում օրինական միգրացիայի հնարավորությունների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Լեհաստանի Կացության օրինականացման վարչության օտարերկարացիների հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Տոմաշ Ցիտրինովիչն ու Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարության աշխատաշուկայի վարչության ներկայացուցիչ Ալեքսանդրա Լանգեն:
Փորձագետները ներկայացրեցին Լեհաստանում աշխատանքային միգրացիայի հնարավորությունները: Այսպես` ընդհանուր դեպքում օտարերկրացիները Լեհաստանում աշխատանքային գործունեություն ծավալելու համար պետք է ստանան աշխատանքի թույլտվություն:
Սակայն այստեղ բազմաթիվ բացառություններ կան, որոնցից մեկը պարզեցված ընթացակարգով, առանց աշխատանքի թույլտվության, Լեհաստանում աշխատելու հնարավորությունն է: Ընդ որում` պարզեցված ընթացակարգով աշխատանքի թույլտվություն կարող են ստանալ Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները՝ Լեհաստանում գրանցված գործատուի օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու մտադրության մասին հայտարարագրի հիման վրա:
Մեկ անգամ ստանալով Լեհաստանում օրինական աշխատանքային միգրացիայի թույլտվությունը, անձը կարող է այնտեղ աշխատել հետագա 12 ամիսների ընթացքում: Անձը իրավունք ունի աշխատել ցանկացած ոլորտում, միայն պետք է ընտրած ոլորտը նշի հայտարարագրում: Իրավունք ունի կնքել գրավոր պայմանագիր, որը հիմք է աշխատելու համար: Գործատուն տվյալ դեպքում պարտավորվում է 7 օրվա ընթացքում հայտ ներկայացնել համապատասխան մարմիններին` անձին սոցիալական ու առողջապահական ապահովագրության ոլորտներում ներգրավելու նպատակով: Անձը իրավունք ունի ստանալ Լեհաստանում սահմանված նվազագույն աշխատավարձը, եթե աշխատում է աշխատանքային պայմանագրով: