Անատոմիայի ամերիկացի պրոֆեսոր Բեննեթ Ֆաթերմանը օրհնության պապական ժեստը բացատրել է արմունկի նյարդի վնասվածքով: Իր հետազոտությունների արդյունքները հեղինակը հրապարակել է Clinical Anatomy ամսագրում:
Պապական օրհնության ժեստը, որը կատարվում է կիսաբաց ձեռքով ծալված ճկույթով և մատանեմատով, ըստ Ֆաթերմանի, Պետրոս առաքյալի շարժման կրկնօրինակումն է, որը, ըստ ամենայնի, բորոտության հետևանքով արմունկի նյարդի նեյրոպատիա է ունեցել:
Հետագայում ցանկանալով նմանվել առաջին պապին՝ նրա կրոնական հետնորդները կրկնօրինակել են Պետրոս առաքյալի շարժումը:
Իր եզրակացությունները գիտնականն ամրապնդում է մեծաթիվ կրոնական արտեֆակտների վերլուծությամբ, մասնավորապես՝ հավատացյալների համար սուրբ կերպարների քանդակների և պատկերների վերլուծությամբ: Բժիշկը պատրաստվում է շարունակել ուսումնասիրությունները և իր վարկածի ճշմարտացիության լրացուցիչ ապացույցներ գտնել: