ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանային ասոցիացիան ապրիլի 13-20-ը կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը: Շաբաթը նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերի կարևորմանը և նրանց նկատմամբ հետաքրքրության ցուցաբերումը: Ծրագիրը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում:
Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով միջոցառման մանրամասները, ասաց, որ այն արդեն 13-րդ տարին է կազմակերպվում:
«Դրա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել գրադարաննրի հիմնախնդրի վրա: Հանրապետության մի շարք գրադարաններ մասնակցում են ծրագրին: Այս տարի միջոցառումն անցկացվում է «պահպանիր և հիշիր» խորագրի ներքո: Տարբեր գրադարաններ միջոցառմանը կմասնակցեն տարբեր ձևով»,- ասաց Տոնոյանը:
Խոսելով գրադարանների վիճակի մասին, Ռուզան Տոնոյանն ասաց, որ առավել անբարվոք վիճակում են գտնում մարզային գրադարանները, համեմատաբար ավելի բարվոք է վիճակը մայրաքաղաքի գրադարաններում:
ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատան տեղեկատվական բաժնի տնօրեն Ներսես Հայրապետյանն, ով ևս մասնակցություն է ցուցաբերում միջոցառմանը, ասում է, որ ամերիկյան գործոնը նշված միջոցառմանը նկատելի է:
«ԱՄՆ դեսպանատունը ևս մասնակցում է միջոցառմանը: Այստեղ ամերիկյան գործոնը կա, և լավ է, որ կա, քանի որ բոլոր շաբաթները բավական հաջող են անցնում: Գրադարանները միակ տեղն են,- ասում է նա,- որոնցից օգտվելու համար մարդիկ ֆինանսական ծախսեր չեն ունենում»: