Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, ում անունը եւս շրջանառվում է, որպես հեռացող մարզպետ, պարզվում է, լրագրողների հեռախոսազանգերը դուր չեն գալիս: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի հավատարիմ կուսակից Սարգիս Սահակյանը հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին՝ այն զիջելով Դաշնակցական Գագիկ Գյոզալյանին:
Արագածոտնի մարզպետը մշտապես եղել է Սերժ Սարգսյանի հավատարիմն այդ մարզում: Նրան են վստահված եղել բոլոր համապետական ընտրությունների կազմակերպումները,այդ մարզում Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի վերարտադրության ապահովումը: Մարզպետ Սահակյանն ու նրա եղբայրն ակտիվորեն աշխատեցին նաեւ նախորդ տարի կայացած Սահմանադրական փոփոխությունների ընթացքում: Araratnews.am-ը հրապարակել էր, որ Սահակյան եղբայրները որոշ համայնքներում «Այո»- համար ցանկալի արդյունք ապահովելու համար, անգամ տոնական միջոցառումներ էին կազմակերպում: Գյուղերից մեկում, օրինակ, գառ էին մորթել, մի-մի բաժակ բարձրացրել Սարգսյանի համար, չմոռանալով, շեշտել, որ մարզին Սերժ Սարգսյանը լավ աչքով է նայում եւ հետեւաբար նրան պետք է «այո» ասել:
Հիմա, սակայն, մարզպետի օրերը հաշված են: Այս ամենով է պայմանավորված նաեւ նրա արձագանքը մեր հարցին: Այսօր մարզպետ Սահակյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են հավաստի նրա պաշտոնանկության տեղեկությունները: Սահակյանի պատասխանն առավել քան տարօրինակ էր: «Զանգել՝ ի՞նչ հարց եք տալիս: Մամուլում, որ դու կարդում ես, ինչ-որ կարդում ես, զանգում ես էդ բոլոր մարդկանց հարցնում ե՞ս: Թե Քուվեյթում, Իսրայելում ինչ ա եղել, զանգում-հարցնո՞ւմ ես»,-ասաց Սարգիս Սահակյանը:
Մարզպետն այս խոսքերից հետո հեռախոսն անջատեց: Թերեւս հատուկ նրա համար մեկ անգամ եւս շեշտենք, որ լրագրողի մասնագիտությունն է տեղեկություններ ճշտելը, հարցեր ուղղելը, որքան էլ որ դրանք այս կամ այն պաշտոնյայի սրտով չեն:
Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւս պաշտոնանկ կարվի: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ արդեն ազատվել է աշխատանքից: ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության, պաշտոնների բաժանման մասին պաշտոնապես նախատեսված է, որ կհայտարարվի այսօր երեկոյան տեղի ունենալիք ՀՀԿ նիստում: