Մի խումբ հայուհիներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատելու հարցով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին դիմում են ներկայացրել, որին հաջորդել է դիմում միջնորդագրի քննարկումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նախաձեռնության մասնակից Գոհար Արշակյանը:
«Մի խումբ անկուսակցական հայուհիներով՝ Հայաստանից, նաև սփյուռքից, դիմել ենք Հանրային խորհուրդ՝ «Սասնա ծռերի» անդամներին ազատ արձակելու նպատակով: Տղաներին ոչ թե համաներում է հասնում, այլ նրանց պետք է ուղղակի ազատ արձակեն, որովհետև նրանք հանցագործներ չեն: Եղածն էլ դժբախտ պատահար էր ամբողջ օպերացիայի ժամանակ»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս կանանցից Սոնա Մաղաքյանն էլ, մանրամասնելով հանդիպման ժամանակ քննարկված հարցերը, նշեց. «Սկզբում առկա էր փոխըմբռնման ջերմ մթնոլորտ, բայց վերջում հասկացանք, որ չենք կարող առանձնապես արդյունքներ ակնկալել: Հանդիպումից հետո պարոն Մանուկյանին [Հանրային խորհրդի նախագահ] նաև ասացի, որ մեր կանայք ցանկանում են ներկա լինել քննարկումներին, բայց նա հրաժարվեց, պատճառաբանելով, թե մեր ներկայությունը կարող է կաշկանդել հանձնաժողովի անդամներին անկեղծ արտահայտվելու»:
Հարցին, եթե իրենց դիմումը, այնուամենայնիվ, արդյունք չունենա, հաջորդ քայլը որն է լինելու, տիկին Մաղաքյանը պատասխանեց. «Մինչ այս մենք խուսափել ենք ապրիլյան պատերազմում և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին ներգրավելուց, բայց եթե շարունակեն այս տեմպերով մարդկանց խեղդելով բանտերում պահել, մենք չենք լռի, իսկ այդ որդեկորույս կանանց դեմ տղամարդիկ չեն կարող կանգնել»: