Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներողություն է խնդրել ֆրանսիական բանակում Երկրորդ աշխարհամարտի տարիներին սենեգալցի 35 զինվորի գնդակահարելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սենեգալի բնակչությունից այն ժամանակ ձևավորվում էին հետևակի ստորաբաժանումներ, որոնք եվրոպացիների հետ միասին պայքարում էին ֆաշիստական ռեժիմի դեմ։ 1944 թվականին Դակարում տեղակայված ստորաբաժանման զինվորները բողոք են հայտնել վատ պայմանների և աշխատավարձերի չվճարման համար։
Ֆրանսիական ղեկավարությունն այս ամենը որակել է որպես խռովություն։ 1944 թվականի դեկտեմբերի 1-ին բողոքի դուրս եկած զինվորների մի մասը սպանվել է։ Թեպետ Շառլ դե Գոլի կառավարությունն այն ժամանակ փորձել է կոծկել այս գործը՝ զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարելով, այդուհանդերձ, Ֆրանսիայի իշխանությունները մինչև հիմա այս հարցին չէին անդրադարձել։
«Ցանկանում եմ վերականգնել արդարությունը և հարգել նրանց հիշատակը, ովքեր կրել են ֆրանսիական համազգեստ, սակայն այնպես է ստացվել, որ Ֆրանսիան իր զենքն ուղղել նրանց դեմ», — ասել է Օլանդը Դակարում Սպանված զինվորի գերեզմանատանը։