տուն Քաղաքական Միջազգային Օդային հարվածներից հետո Իսլամական պետության գրոհայինները դադարեցրել են նավթի արդյունահանումը

Օդային հարվածներից հետո Իսլամական պետության գրոհայինները դադարեցրել են նավթի արդյունահանումը

104
0

isis-oil

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները դադարեցրել են նավթի արդյունահանումն այն բանից հետո, երբ հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի ուժերն օդային հարվածներ են հասցրել նրանց կողմից վերահսկվող նավթահորերին: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:

Աղբյուրի հավաստմամբ՝ այս դադարեցումը միայն ժամանակավոր բնույթ է կրում: Նշվում է նաև, որ անհամեմատ էժան գներով նավթ գնելու հարցում շահագրգռված կողմերը շարունակում են բավական շատ լինել:

Իսլամիստները, պարբերականի փոխանցմամբ, վերահսկում են Սիրիայի արևելյան նահանգներում գտնվող հանքավայրերի 60%-ը, ինչպես նաև 7 հանքավայր ու երկու նավթավերամշակման գործարան՝ Հյուսիսային Իրաքում: Սև շուկայում վաճառվող նավթը հիմնականում իրացվում է Թուրքիայի հարավում:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: