Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված ելույթը, որով վերջինս հանդես է եկել հունվարի 20-ին, երկրում գրանցել է ամենաքիչ դիտումները վերջին 15 տարիների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Nielsen մարքեթինգային ընկերության պաշտոնական կայքը:
Ինչպես ցույց են տվել ընկերության հետազոտությունները, Օբամայի ելույթին հեռուստացույցով հետևել են շուրջ 31,7 միլիոն ամերիկացիներ: Ավելի ցածր ցուցանիշ գրանցվել էր միայն 2000 թվականին, երբ իր հրաժեշտի ելույթով Կոնգրեսում հանդես եկավ նախագահ Բիլ Քլինթոնը: Այս ելույթը դիտողների թիվը կազմել էր շուրջ 31,5 միլիոն:
Nielsen-ի փորձագետները տեղեկացնում են, որ ցուցանիշն իր մեջ չի ներառում Օբամայի ելույթին առցանց հետևողների թիվը, ինչը, Սպիտակ տան մամլո ծառայության տվյալների համաձայն, գերազանցել է 1,2 միլիոնը:
Երկար տարիների փորձ ունեցող մարքեթինգային ընկերության պատմության մեջ ռեկորդային թվով՝ 66,9 միլիոն հեռուստադիտող ունեցել է Բիլ Քլինթոնը՝ 1993 թվականին Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ:
Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահը «իր լավույն ցուցանիշը գրանցել է» 2009 թվականին երբ հանդես է եկել իր առաջին՝ «Երկրի դրության մասին» ելույթով, որին հետևել է 52,4 միլիոն ամերիկացի: