ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խնդրել է անվտանգության հարցերով իր օգնականներին վերանայել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ռազմավարությունը։ Ըստ CNN-ի՝ վերջին շրջանում Վաշինգտոնում այս հարցով կայացել է փորձագետների 4 հանդիպում, որոնցից մեկը նախագահել է Բարաք Օբաման։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները կարծում են, որ «Իսլամական պետությանը» դժվար է հաղթել առանց Սիրիայում Բաշար Ալ-Ասադի ռեժիմի փոփոխության։ Համապատասխանաբար՝ Վաշինգտոնում անբավարար են համարում նախնական ռազմավարությունը, որով Իրաքում և Սիրիայում պայքար է մղվում «Իսլամական պետության» դեմ՝ առանց Բաշար Ալ-Ասադի հեռացման հարցը քննարկելու։
Սիրիայում ԱՄՆ-ն աջակցում է չափավոր ընդդիմությանը, որը ներկայացնում է «Սիրիայի ազատ բանակը»։ Վերջինս պայքարում է թե՛ իսլամիստների և թե´ Ասադի ռեժիմի դեմ։ Ըստ աղբյուրի՝ վերջին ամիսներին պետքարտուղար Քերին քննարկում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի և այլ գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Ասադի ռեժիմի պարագլուխների հեռացման հարցը՝ պետական ինստիտուտներում այդ ռեժիմի ներկայացուցիչների հիմնական մասի պահպանման պայմանով։