ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի աշխատանքներ է տանում Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկյան կառավարությունում իր աղբյուրներին։ Այս քայլով Վաշինգտոնը փորձում է բարելավել հարաբերությունները Փհենյանի հետ։
Որոշ տեղեկություններով՝ կիրառվելու է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման համար կիրառված գաղտնի դիվանագիտության միջոցը։ Թերթը հիշեցնում է, որ Կուբայի դեպքում բանակցությունները տեղի էին ունենում Վատիկանում և Կանադայում, ընդ որում՝ այստեղ առանցքային դերակատարություն է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։
Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վրա կարող է ազդեցություն ունենալ Հարավային Կորեան, որը դաշնակցային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ և կողմ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցային գործընթացում թափանցիկության ապահովմանը։