ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անբավարար է գնահատել համաշխարհային տնտեսության աճի տեմպերը, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Համաշխարհային տնտեսությունն աճում է ոչ այնքան արագ, որքան անհրաժեշտ է»,- ընդգծել է Օբաման` մանրամասնելով, որ աճի տեմպերը բավարար չեն մասնավորապես Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում:
ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ մինչ օրս ԱՄՆ-ում չեն հաղթահարվել 2008թ. տնտեսական ճգնաժամի հետևանքները: Օբամայի կարծիքով` աշխարհի պետությունների առաջնորդները պետք է ամեն ինչ անեն` ապահովելու իրենց երկրների տնտեսություններում դրական միտումները:
Այդ առումով Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ է արել խոշոր ֆինանսական ներդրումներ անել ԱՄՆ-ի ենթակառուցվածքներն արդիականացնելու և նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար: Մյուս կողմից ԱՄՆ-ի նախագահը կարևորել է պետությունների հետ համագործակցությունը կոռուպցիայի, հարկերից խուսափելու և փողերի լվացման դեմ պայքարում: