Սեպտեմբերի 13-ին պաշտոնապես բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը: Ամենամյա ընդհանուր բանավեճերը կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 26-ը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտը հայտարարել էր հոբելյանական նստաշրջանի փակման մասին:
Նոր՝ 71-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել Ֆիջիից դիվանագետ Փիթեր Թոմսոնը: Նստաշրջանի առաջին օրերին կլուծվեն հիմնականում ընթացակարգային հարցեր, այդ թվում՝ կապված Վեհաժողովի վեց հիմնական հանձնաժողովների օրակարգի հետ:
Սեպտեմբերի 20-ին կմեկնարկեն ընդհանուր բանավեճերը: Ավանդույթի համաձայն՝ այդ օրն առաջինը Վեհաժողովի ամբիոն կբարձրանան Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդները: Իսկ մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ պետություններին կներկայացնի ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:
Ելույթ ունեցողների նախնական ցուցակի համաձայն՝ օրվա առաջին կեսին նախագահ Օբամայից հետո ելույթ կունենան Չադի եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաեւ Գայանայի, Քաթարի, Արգենտինայի, Սլովակիայի, Մալավիի, Հորդանանի, Շվեյցարիայի եւ Պերուի ղեկավարները: Նույն օրը ծրագրվում է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը: