«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն ասում է, որ Կառավարության իրավունքն է` չկասեցնել օրենքը, իսկ իրենք օգտագործելու են իրենց` բողոքելու իրավունքը:
«Սկզբում մեզ ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, դուք գնացեք, մի քանի օր հետո ասում են փոփոխություն չի լինելու: Մենք ուզում ենք ասել, որ ՓՄՁ-ներին հանգիստ թողնեն: Հակված եմ կարծելու, որ նպատակ կա ՓՄՁ-ներին հանել ասպարեզից ու տեղը տալ կտրողներին: Այդպես եղավ սուպերմարկետների դեպքում»,- նշեց նա` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրանք պահանջում են կամ կասեցնել «Շրջանառության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» ՀՀ օրենքը կամ ուժի մեջ թողնել երկու օրենքներն էլ, որպեսզի մարդիկ կամավոր ընտրեն, թե ինչպես են ուզում աշխատել:
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» խորհրդի անդամ Տիգրան Հովհաննիսյանը կասկածներ ունի նրանց նկատմամբ, ովքեր հանդիպել են ՀՀ վարչապետի հետ:
«Հանդիպողները չեն ներկայացրել ՓՄՁ-ների շահերը»,- ասում է նա ու նշում. «Շատ տարօրինակ պահվածք ունեին»:
Ստեփան Ասլանյանի խոսքով` պայքարին միանում են հանրապետության տարբեր շրջանների ՓՄՁ ներկայացուցիչներ: