տուն Լուրեր Նոտարը պատասխանատվություն կկրի նաև իր` անզգուշությամբ արված խախտման համար. Tert.am

Նոտարը պատասխանատվություն կկրի նաև իր` անզգուշությամբ արված խախտման համար. Tert.am

87
0

Arpine

Tert.am–ի հետ զրույցում ՀՀ արդարադատության  նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադառնում է այն երկու կարևոր փոփոխություններին , որոնք բխում են «Նոտարիատի մասի» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթից, ինչպես նաև, թե  ինչ կտա կատարողական մակագրության ինստիտուտի ներդրումը:

— Հոկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Նոտարիատի մասի»  օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով վերանայվում են  մի շարք ինստիտուտներ, այդ թվում`  նոտարի գույքային պատասխանատվության վերաբերող դրույթները: Այս առումով ինչպիսի՞ կարգավորումներ են նախատեսվում: 

— Մինչև օրենսդրական փաթեթի ընդունումը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում էր, որ նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում: Այս դրույթը ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1271 որոշմամբ ճանաչել է  Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը նշել է, որ մեր օրենսդրությունը չի երաշխավորում նոտարի կողմից ՀՀ  անունից իրականացրած գործունեության հետևանքով պատճառված վնասի  իրավաչափ հատուցումը և անձի սահմանադրական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը: Միևնույն ժամանակ,  անդրադառնալով պետության կողմից գույքային վնասի հատուցմանը`  Դատարանը նշել է, որ  հատուցումը չպետք է բացառապես իրականացվի  պետության հաշվին, և   բավարար է միայն պետության կողմից հատուցման պատշաճ մեխանիզմների նախատեսումը: Այս առումով արդեն ընդունված օրենքով նախատեսվել են մի շարք մեխանիզմներ նոտարի կողմից   պատճառված վնասի հատուցման համար: Նախ, ամրագրվել է, որ նոտարը  գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից  թե՛ դիտավորությամբ, թե՛ անզգուշությամբ թույլ տրված խախտման հետևանքով պատճառված վնասի համար, մինչդեռ նախորդ կարգավորմամբ  նոտարը պատասխանատվություն էր կրում միայն դիտավորությամբ պատճառված վնասի համար: Երկրորդ կարգավորումը, որ կցանկանայի առանձնացնել,  նոտարի պատասխանատվության ռիսկի ապահովագրման չափի բարձրացումն է: Եթե մինչև օրենքի ընդունումը այդ չափը չպետք է պակաս լիներ 3 միլիոն դրամից, ապա  ներկայումս  սահմանվում է, որ  պատասխանատվության ռիսկը ապահովագրվում է  նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 6 միլիոն ՀՀ դրամը։

Բացի վերոգրյալից առավել կարևորվում է այն,  որ նոտարական պալատի կողմից պետք է ստեղծվի բացառապես նոտարների պատճառված վնասների հատուցման համար հատուկ պահուստային ֆոնդ: Ֆոնդի միջոցներով պետք է հատուցվեն նոտարի կողմից  պատճառված վնասները այն դեպքում, երբ վնասների չափը գերազանցում է նոտարի ապահովագրական գումարի չափը և անհնարին է նոտարի անձնական գույքի հաշվին բավարարել վնասն ամբողջությամբ: Այսպես օրինակ, եթե նոտարի կողմից անզգուշությամբ կամ դիտավորությամբ պատճառել  է 10 միլիոն դրամի վնաս և նա չունի բավարար միջոցներ վնասը հատուցելու համար, ապա այդ դեպքում  նախատեսվող կարգավորումը բացառում է այն իրավիճակը, որ քաղաքացին կզրկվի հատուցում ստանալու հնարավորությունից: Նման դեպքերում քաղաքացուն պատճառված վնասը կհատուցվի պահուստային ֆոնդից:
-Օրենքով ներդրվել է  նաև կատարողական մակագրության ինստիտուտը: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ խնդիրներ կլուծի կատարողական մակագրության ինստիտուտի ներդրումը:

-Կարծում եմ` կատարողական մակագրության ինստիտուտի ներդրումը  լրացուցիչ երաշխիք է արագ և արդյունավետ ընթացակարգերով պարտավորությունների կատարման ապահովման համար: Ներկայիս իրավակարգավորմամբ պարտավորության չկատարման դեպքում պարտատերը  պետք է դիմի դատարան, ապացուցի պարտավորության առկայությունը, պահանջվող գումարի չափը, որի հիման վրա նոր կարող է տրամադրվել կատարողական թերթ: Սա բավական ժամանակատար գործընթաց  է` հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը և գործերի քննության ժամանակատարությունը: Այդ իսկ պատճառով նախատեսվել է կատարողական մակագրության ինստիտուտը: Մեխանիզմը հետևյալն  է. գործարքի կողմերը կարող են կնքել նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որով  իրենք համաձայնվում են տվյալ նոտարի կողմից վավերացված գործարքից բխող գումար վճարելու կամ գույք հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու պարտավորությունը չկատարելու դեպքում նոտարի կողմից կատարողական մակագրություն կատարելու վերաբերյալ։ Հենց այս մակագրությունն էլ հիմք է կատարողական թերթ տալու և հարկադիր կատարման համար:

-Իսկ նման կարգավորումը ռիսկե՞ր չի պարունակում պարտապանի համար:

-Հնարավոր բոլոր ռիսկերից խուսափելու համար սահմանվել են այն հստակ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն  կարող է տրամադրվել կատարողական մակագրությունը: Հարկ է նշել, որ կատարողական մակագրության թերթը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում, որից հետո այն սահմանված կարգով արդեն կարող է ներկայացվել հարկադիր կատարման: Ինչ վերաբերում է դատարանի կողմից կատարողական թերթ տրամադրելուն, պետք է նշել, որ կատարողական թերթը տրվում է դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո և բացառիկ դեպքերում անհապաղ: Ինչը նշանակում է, որ կատարողական թերթ տրամադրելու համար,  նախ,  դատարանը պետք է վճիռ կայացնի հօգուտ պարտատիրոջ, վճիռը պետք է մտնի օրինական ուժի մեջ, ինչից  հետո նոր կտրամադրվի կատարողական թերթը: Այսինքն` կատարողական մակագրության պարագայում ժամանակի խնայողությունը ակնհայտ է: Ինստիտուտ ներդրումը էականորեն նաև կկրճատի դատարանների ծանրաբեռնվածությունը:

Շարունակությունը՝ Tert.am-ում: