Նորվեգիան ապաստան է տրամադրել 4 թուրք սպայի և 1 ռազմական կցորդի (ատաշե):
Ըստ թուրքական Haberler.com լրատվական կայքի` Նորվեգիայի միգրացիայի վարչության ընդունած որոշմամբ թուրք զինվորականներին այդ երկրում ապրելու և աշխատելու իրավունք է տրամադրվել: Նման իրավունք է տրվել նաև նրանց ընտանիքի անդամներին:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների իրականացված հեղաշրջման փորձի տապալումից հետո ՆԱՏՕ-ում ծառայություն անցնող թուրք զինվորականներն ու կցորդը դիմել էին Նորվեգիայի իշխանություններին ապաստան ստանալու խնդրանքով: Զինվորականները Թուրքիա չվերադառնալու իրենց ցանկությունը բացատրել էին նրանով, որ իրենց երկրում կարող են ձերբակալվել ու մեղադրվել գյուլենականության մեջ:
ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Նորվեգիայի քայլը անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրինակին կարող են հետևել եվրոպական այլ երկրներ, ինչը կարող է այդ երկրների հետ հարաբերությունների լարման պատճառ դառնալ: