Վ. Բելինիի «Նորմա» օպերան վերադառնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ: Ներկայացումը կցուցադրվի ապրիլի 4-ին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը «Նորմա»ի փորձի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց, որ օպերային թատրոնն իրականություն է դարձնելու երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բոլոր ծրագրերը: «Մենք կորցրեցինք մեր ավագ եղբորը, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին` Գեղամ Գրիգորյանին: Բավականին մեծ ծրագրեր էինք նախատեսել: Բայց կյանքն այլ կերպ տնօրինեց… Ապրիլի 4-ին կներկայացնենք «Նորմա» օպերայի վերականգնված տարբերակի պրեմիերան, որը երևի թե առաջին ծրագրերից էր, որ պետք է իրականացնեինք Գեղամ Գրիգորյանի հետ»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ` նշեց Անդրանիկ Արզումանյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն էլ շեշտեց, որ մեծ պատիվ է ունեցել աշխատելու Գեղամ Գրիգորյանի հետ: «Գեղամ Գրիգորյանի ցանկությունն էր «Նորմա»ի պրեմիերան ներկայացնել: Ես չեմ գիտակցում, որ այն, ինչ տեղի է ունեցել, իրական է: Մենք կանենք այս պրեմիերան` հարգելու նրա հիշատակը: Ես շատ բան եմ սովորել նրանից: Նա ուղղակի լավ երգիչ չէր, նա շատ լավ երաժիշտ էր, մեծ գիտելիքներ ուներ»,նշեց Մարչիանոն: «Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը (Ռուսաստան). դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա): Գլխավոր դերերում ներկայացումների տարբեր օրերին հանդես կգան Մարինե Դեինյանը և Դիանա Հարությունյանը (Նորմա), Հայկ Տիգրանյանը, Պողոս Բեազբեկյանը և Հովհաննես Ներսեսյանը (Օրովեզո), Սարգիս Աղամալյանը, Հովհաննես Նազարյանը և Լիպարիտ Ավետիսյանը (Պոլիոն) և այլ արտիստներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։