ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ իրենք չգիտեն, թե լուսանկարները երբ են արվել և ում կողմից:
Նրա խոսքով՝ կողքի մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում:
Գասպարյանն ընդգծեց, որ արդեն իսկ հանձնարարականներ են տրվել, որպեսզի նախարարության բյուջեի հնարավորությունների շրջանակում հարցերը լուծվեն: Հունիսի 19-ի առավոտվանից այդ հարցի շուրջ գործողություններ են իրականացվում:
Նախարարի առաջին տեղակալը նկատեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև մի շարք այլ տուն-ինտերնատներում, և դրա լուծումը տեսնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն վարելու մեջ:
Նրա պնդմամբ՝ այդ քաղաքականության մի մասը կազմում է այն, որ պետք է բարելավել այն պայմանները, որտեղ ապրում են տարեցները և մեծ շենքերը դարձվեն համայնքային տներ:
«Այսօր առավոտվանից իմ հանձնարարությամբ սկսվել են որոշակի ոչ կապիտալ՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի տարածքը բերվի համեմատաբար նորմալ վիճակի: Այդ փոքրիկ վերանորոգմամբ, իհարկե, չենք սահմանափակվի, և մենք պլանավորում ենք ավելի մեծ աշխատանքներ իրականացնել: Հույս ունեմ, որ աշնանը փոքր տներ կունենանք, որպեսզի մեծ հաստատությունները փոքրացվեն և լինեն փոքր համայնքային տներ՝ մոտ 8-12 հոգու համար»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը:
Գասպարյանը նաև շեշտեց և կարևորեց այն հանգամանքը, որ անգամ բարի նպատակներով նմանատիպ նկարներ հրապարակելու դեպքում չպետք է երևան այդ մարդկանց դեմքերը, քանի որ նրանք այնտեղ գտնվում են անօգնական վիճակում կամ չեն տվել լուսանկարվելու իրենց համաձայնությունը:
Հունիսի 17-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանը Նորքի տուն-ինտերնատից լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են տարբեր տարեցների սենյակների անմխիթար վիճակը: