Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, երեկ որոշում կայացրեց եւս երկու ամսով երկարաձգելու Նոր-Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված խմբի անդամների կալանքի ժամկետը: Բողոքարկվելո՞ւ է արդյոք դատարանի որոշումը, Araratnews.am-ը փորձեց պարզել խմբի անդամների պաշտպաններից:
«Գործնականում, երբ պետական լիազոր մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացնում, դատարանը որպես կանոն, այն հաստատում է: Բողոքարկումն էլ ստացվում է ինքնանպատակ», — ի պատասխան մեր հարցին՝ ասաց սույն գործով մեղադրյալ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Ամեն դեպքում, կբողոքարկե՞ն դատարանի որոշումը, թե ոչ՝ փաստաբանն ասաց՝ կորոշի իր պաշտպանյալը. «Դեռ չեմ խորհրդակցել, բայց, եթե ինքը հակված է բողոք գրելու, բողոք կներկայացվի»:
Խմբի անդամներից մեկի ուրիշի՝ Վաղինակ Ստեփանյանի շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը եւս ասաց, որ նախաքննության ներկայացրած միջնորդությունները՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, հիմնականում բավարարվում են, այդուհանդերձ նշեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:
«Իմ պաշտպանյալը պնդում է, որ ինքն առնչություն չունի այդ դեպքի հետ»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:
Խմբի անդամներից Մարինե Կատանյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը եւս բավարարվել է: Վերջինիս պաշտպանն ասաց՝ չնայած բողոքարկումը ձևական է լինելու, միևնույն է դեռ վերջնական չեն որոշել՝ կբողոքարկեն, թե՞ չէ: