ՀՀ Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը, խորհրդարանի ամբիոնից ՄԻՊ երդման տեքստը կարդալուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց` այսօրվանից սկսած՝ ինքն անհապաղ սկսելու է իրականացնել իր բոլոր լիազորությունները։ Բայց կոնկրետ դեպքերի, մասնավորապես Վարդգես Գասպարիի կալանավորման հետ կապված նա չցանկացավ այս պահին գնահատական տալ։
Լրագրողները կրկին հարցրեցին` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:
«Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի համաձայն՝ կա հատուկ ընթացակարգ, երբ ՄԻՊ-ը հնարավորություն ունի որևէ հայտարարություն անելու, դա պետք է համապատասխան պրոցես անցնի, պարզաբանումներ տան ենթադրյալ խախտումներ թույլ տված մարմինները, հստակ նայել, դեպքն ուսումնասիրել և նոր գնահատական տալ։ Ես այս պահին կանխակալ դատողություններ չեմ կարող անել, որովհետև պետք է ուսումնասիրեմ»,-պատասխանեց նորանշանակ օմբուդսմենը:
Հարցին, թե իր անձի նկատմամբ քննադատությունները որևէ «նստվածք» թողե՞լ են, Թաթոյանն ասաց. «Ոչ, ես այդպիսի մարդ չեմ, բացառված է որևէ նստվածք։ Այն, ինչ ես հայտարարել եմ իմ ելույթներում, դա այն է, ինչ ես մտածում եմ, այնպես չէ, որ ես մի բան մտածում եմ՝ այլ բան հայտարարում»: