Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դևիդ Քարթերը երկրի վարչապետ Ջոն Քեյից խնդրել է լքել պալատի նիստը` բանավեճի ընթացքում վարքականոնները խախտելու համար, հայտնում է BBC-ն:
Նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները Քեյի հետ վիճել են նրա այն պնդման շուրջ, որ Greenpeace բնապահպանական կազմակերպությունը ներառված է այսպես կոչված «պանամական փաթեթում»:
Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե ինչո՞ւ նա չի ցանկանում ներողություն խնդրել իր այդ հայտարարության համար: Նոր Զելանդիայի վարչապետը պատասխանել է, որ ինքը ներողություն խնդրելու որևէ պատճառ չի տեսնում:
Երբ բանավեճն անցել է բարձր տոների, պալատի խոսնակն անջատել է Քեյի խոսափողը և վեճի մասնակիցներին հորդորել պահպանել կարգը: Սակայն Քեյը շարունակել է բղավելով ինչ-որ բաներ ասել իր ընդդիմախոսին:
Դրանից հետո խոսնակը վարչապետին խնդրել է հեռանալ նիստերի դահլիճից: Նշվում է, որ Ջոն Քեյը նախկինում, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, ևս մի քանի անգամ հեռացվել է նիստերի դահլիճից: