տուն Լուրեր Նոր տեղեկություններ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության մասին. Գլխավոր դատախազություն

Նոր տեղեկություններ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության մասին. Գլխավոր դատախազություն

120
0

33

Գլխավոր դատախազությունը նոր տեղեկություններ է փոխանցում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննության մասին:

Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված ապրիլի 4-ի հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 495 հաղորդումներ  և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն  և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու
նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 11 դեպքերով արդեն  հարուցվել են քրեական գործեր՝ 9-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով:

Նշված գործերով 6 անձի մեղադրանք է առաջադրվել, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործ ապրիլի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 804 հաղորդումներից 07.04.2017թ. դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 484-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: