ՀՀ կառավարությունը 78 մլն դրամ կհատկացնի սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնելիություն ապահովելու համար: Կառավարության այս ծրագրի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում 2015 թվականին կատարվեց փոփոխություն, որում ավելացված դրույթի համաձայնˋ յուրաքանչյուր սոցիալապես անապահով ընտանիք կկարողանա դառնալ ծրագրի շահառու:
«Ծրագիրը ենթադրում է երեք փուլˋ հետազոտություն, բուժում և սերմնավորում: Վիճակագարական տվյալները ցույց են տալիս, որ 30 տարեկանից բարձր 2798 զույգի մոտ նկատվում է անպտղություն: Ծրագրում կարող են ներառվել 20-45 տարեկան շահառուները: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 1-ից: Մինչև տարեվերջ նախատեսվում է ունենալ 260-300 շահառու»,-նշեց բանախոսը ընդգծելով, որ սա նման առաջին փորձն է Հայաստանում:
Ինչ վերաբերում է մերժման հիմքերին, ապա փոխնախարարը նշեց, որ ծրագրին դիմողները կարող են մերժում ստանալ մի շարք հիմքերով, այդ թվում նաև այն դեպքում, երբ ծնողները ՀՀ քաղաքացի չեն: Ծրագիրը պահանջում է, որպեսզի ծնողներից գոնե մեկը ՀՀ քաղաքացի լինի:
Լուսանկարըˋ Armenpress-ի:
Վարդուհի Ստեփանյան