Վերջին ամիսների ընթացքում Լիբանանում սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի վատթարացման հետ կապված՝ տեղի հայկական համայնքը խնդիրների առաջ է կանգնել՝ ապրուստը, հարկերն ու տուրքերը թանկացել են, եկամուտները՝ նվազել։ Նրանցից շատերը որոշել են կյանքը շարունակել հայրենիքում, որոշներն էլ այլ երկրներում։
Araratnews.am-ի հետ զրույցում լիբանանահայ տիկին Կարինեն նշեց, որ այնտեղ կյանքը շատ է բարդացել․ «Լիբանանի վիճակը այլևս օր օրի ետ կերթա։ Թեև պատերազմ, ռմբակոծում չիկա, բայց տնտեսական վիճակը շատ ցավալի է։ Գործ չկա, դրամ չկա ժողովուրդի մոտը, ամեն ինչ թանկ է, ապրելը դժվար է, տուրքերը շատ թանկ են»։
Տիկին Կարինեն նշեց է, որ մտածում են գալ Հայաստանում հաստատվել։ Նա ասաց, որ իրենց նման բազմաթիվ լիբանանահայեր կան, ովքեր մտածում են հայրենիքում կյանքը շարունակելու մասին, որոշներն էլ գնում են ԱՄՆ, Կանադա, Եվրոպա։
«Մարդիկ ճանապարհներ են փնտրում, որ Լիբանանից հեռանան։ Նույնիսկ մեծ վաճառականներն այլևս գործ չունեն։ Շատ գործարաններ փակվում են»,- ասաց նա։
Տիկին Կարինեն հույս ունի, որ հայրենիք վերադառանալուց հետո իրենք որոշակի աջակցություն կստանան պետությունից․ «Եթե տան հարցը լուծվի, գործ գտնվի, ապա օրվա կյանքն այստեղ դյուրին է»։
Araratnews.am-ը կապ հաստատեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ՝ պարզելու իրականում մե՞ծ է լիբանանահայերի հոսքը հայրենիք և արդյոք հայրենադարձվելու հարցերով իրենք դիմումներ ստացե՞լ են։
Գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ ավելի քան 1 տարի է՝ ակտիվացել է հայրենադարձության ալիքը։
«Մենք հայրենադարձներ ունենք աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում նաև Մերձավոր Արևելքից։ Մասնավորապես Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը մեր հայրենակիցների մոտ հայրենադարձվելու տրամադրություններ է առաջացրել, և վերջին տարվա ընթացքում հայրենադարձների շրջանում ունենք լիբանանահայ բազմաթիվ ընտանիքներ»,- պնդեց նա։
Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանի քաղաքացիություն ունեն 1000-ավոր լիբանանահայեր, ովքեր հիմնակում բախվում են աշխատանքի, կեցության և Հայաստանում սոցիալ-իրավական ադապտացիայի խնդիրների հետ։
«Բառացիորեն երկու օր առաջ ենք ունեցել լիբանանահայ ընտանիք, այստեղ մեկ ամիս մնացել էին, դիմել են հայկական անձնագրի համար և մտադիր են վերադառնալ սեպտեմբերին»,- ասաց նա։
Նա նշեց, որ հստակ հաշվարկներ չկան, թե քանի լիբանանահայ է վերադարձել, քանի որ շատերը վաղուց են Հայաստանում հաստատվել, այստեղ կապեր ունեն և չեն դիմում իրենց․ «Մեզ հիմնականում դիմում են նրանք, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն։ Շատ դժվար է հաշվարկել, թե քանի լիբանանահայ է վերադարձել։ Մենք կարող ենք խոսել միայն մեզ դիմած անձանց հաշվարկով, ուստի՝ այդ հարցով մեզ մի քանի տասնյակ ընտանիք է դիմել, բայց իհարկե, թիվը անհամեմատ մեծ է»։
Հարցին՝ արդյոք Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը ինչ-որ աջակցության ծրագրեր ո՞ւնի, որն առաջարկում է հայրենադարձներին, Ավետիսյանը պատասխանեց, որ գրասենյակը աշխատանքի տեղավորման, բնակարանի վարձ տալու կամ բնակարանով ապահովելու գործառույթներ չունի․ «Բայց մշակում ենք հայրենադարձության ռազմավարությունը, և արդեն կառավարությանն է ներկայացվել «Օջախ» հիփոթեքային վարկավորման բնակարանային ծրագիրը, որն առաջիկայում կառավարությունը կհրապարակի, որով մեր հայրենակիցներին հնարավորություն կտրվի մատչելի տոկոսադրույքներով բնակարաններ, ինչպես նաև անհատական բնակարան, հողատարածք կամ կիսակառույց ձեռք բերել մեր երկրում»։
Մենք դիմեցինք նաև Միգրացիոն ծառայություն որոշակի վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով։ Մեզ հայտնեցին, որ իրենք ավելի շատ հարկադիր վերադարձած քաղաքացիների խնդրով են զբաղվում, բայց առաջիկայում նախատեսում են գործի դնել վերադարձի և վերաինտեգրման բաժինը, որը կաշխատի և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձողների համար․ «Այդ ծրագրի մեջ ներառվելու են և՛ լեզվի դասընթացներ, և՛ բնակվարձի փոխհատուցում և այլն»։
Ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց, որ իրենց ավելի շատ սպեցիֆիկ հարցերով են դիմում․ «Օրինակ, եթե մաքսազերծման կամ առողջապահական խնդիրներ են լինում, մեզ դիմում են, մենք ինչ-որ լուծումներ ենք գտնում, բայց համակարգված մոտեցում և վիճակագրություն չունենք»,- եզրափակեց նա։
Լիլիթ Մխիթարյան