տուն Լուրեր Նման խայտառակ վիճակ նույնիսկ 1995-96 թթ-ներին չկար. Սյունիքի թռչնաֆաբրիկայում աշխատողներ են կրճատվում

Նման խայտառակ վիճակ նույնիսկ 1995-96 թթ-ներին չկար. Սյունիքի թռչնաֆաբրիկայում աշխատողներ են կրճատվում

93
0

hav

«Նման խայտառակ վիճակ նույնիսկ 1995-1996 թթ-ներին չկար, այն ժամանակ երկրի վիճակն այնքան վատ չէր, ինչքան հիմա է»: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի թռչնաֆաբրիկայի» տնօրեն Արթուր Գևորգյանը: Նշենք, որ Արթուր Գևորգյանն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում վստահեցնում էր՝ ԵՏՄ-ի հետ անդամակցությունը դրական անդրադարձ կունենա ոլորտի զարգացման վրա:

-Պրն Գևորգյան, ամիսներ առաջ, երբ Ձեզ հետ խոսեցինք այն մասին, թե ինչ կտա ԵՏՄ-ի հետ անդամակցությունը Ձեր ֆաբրիկային ու ինչքանով կնպաստի ոլորտի զարգացմանը, Դուք դրական ակնկալիքներ ունեիք…

-Ոչ մի տարբերություն չկա, այս հիմնարկը լավ չի աշխատում, կլինի՞ մեկ ամիս հետո խոսենք:

-Ասում էիք, որ  հնարավոր է՝ հունվարից կսկսեք թռչնամիս արտահանել ռուսական շուկա:

-Ոչ մի բան չի ստացվում, միսը շատ էժան է, արտահանումն էլ՝ խնդիր: Նման խայտառակ վիճակ նույնիսկ 1995-1996 թթ-ներին չկար, այն ժամանակ երկրի վիճակն այնքան վատ չէր, ինչքան հիմա է:

-Ֆաբրիկայում երդրումներ չե՞ն եղել:

— Ոչ:

-Իսկ վարկեր չե՞ք վերցրել Կառավարությունից՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:

-Ոչ, դեռ այդ մասին մտածում եմ:

-Ֆաբրիկան ի՞նչի կարիք ունի այսօր:

-Հայաստանում ստաբիլ առևտուր չկա և առհասարակ ոչ մի բան կանոնակարգված չէ, չգիտես՝ վարկ վերցնես, հետո ի՞նչ անես:

-Այսինքն՝ հնարավո՞ր է հետո չկարողանաք մարել:

-Այո, իհարկե:

-Իսկ արտադրանքի իրացման խնդիր կա՞:

-Այս պահին արտադրաքն էլ չկա, իսկ եթե լինի, ապա իրացման խնդիր կառաջանա:

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այդ վիճակից դուրս գալու համար:

-Պատրաստվում եմ մի քիչ զարգացնել, հետո տեսնեմ՝ շուկայում ոնց եմ շարժվում, ժամանակի ընթացքում կերևա:

-Տեղական շուկայում ի՞նչ խնդիրներ կան:

-Այնքան մեծ խնդիր կա: Մեկն այն, որ բոլորս միասին չենք  կարողանում որոշակի քանակ արտադրել, բացի դա՝ չենք կարողանում պայմանավորվել և գնային ճիշտ քաղաքականություն վարել. ով ինչ գնով ուզում, վաճառում է:

Ո՞վ է պատասխանատու այդ ամենի համար:

-Բոլոր երկրներում գյուղնախարարություններն են զբաղվում այդ տեսակ հարցերով, մեզ մոտ ոչ մեկը: Կա Հայաստանի թռչնաբույծների միություն, որն այդքան էլ լիազորություններ չունի, իսկ թե գյուղնախարարությունում ով է զբաղվում այդ հարցերով՝ չեմ կարող ասել:

-Ֆաբրիկայում աշխատողների կրճատում եղե՞լ է:

-Այո, մի քանի հոգու ժամանակավոր կրճատել ենք, բայց հուսով եմ՝ կվերականգնենք: