Այսօր խորհրդարանը շարունակում է քննարկել «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով՝ Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Վերջին շրջանում իշխանության կերակրատաշտին կցված առավել ակտիվ տզրուկներ և սկաութներ խիստ անհանգստացած են, թե ինչու են Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրում Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչներին, որպեսզի մենք այնտեղ լսենք իրենց մտահոգությունները: Ի դեպ, հրավիրում են ՀՀ այն քաղաքացիներն, ովքեր ուղղակիորեն, այս կամ այն ճանապարհն ընտրելով, մազապուրծ փախել են սեփական երկրից, որովհետև սեփական երկրում իրենք որևէ հնարավորություն չեն ունեցել պահելու իրենց ընտանիքը: Բնականաբար, այդ հանդիպումներում գերակշռում էին այն մարդիկ, ովքեր ՀՀ-ում ունեին փոքր և միջին բիզնես և դրանով կարողանում էին մի կերպ պահել իրենց: ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը՝ առ փոքր և միջին ձեռնարկությունները, հանգեցրեց նրան, որ այդ մարդիկ ստիպված են եղել լքել հայրենիքը և լավ օրից չէ, որ նրանք լքել են Հայաստանը: Նրանք անհամբեր սպասում են, թե երբ է Հայաստանում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը փոքր և միջին բիզնեսի մեջքը կոտրելը չլինի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք»:
Նման նախաձեռնությունները, ըստ Զոհրաբյանի, նպաստելու են միայն արտագաղթի ավելացմանը:
«Նրանք շարունակելու են հանդիպել այն քաղաքական գործիչների հետ, որոնց վստահում են և որոնց կարող են պատմել իրենց խնդիրները»,- նշեց նա:
Իսկ նախագծի առնչությամբ Զոհրաբյանն ասաց, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ:
«Մենք ունենք պատրաստի օրենքի նախագիծ, որը երեկ չդրեցինք արտահերթ շրջանառության, որովհետև հույս ունենք, որ եկանք կոնստրուկտիվ համաձայնության»: