տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

166
0

nik-588x340

Շաբաթ օրը աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ Հայաստանում առկա ներքին քաղաքական խնդիրներին և առաջիկա ընտրություններին:

Խոսելով մի շարք քաղաքական ուժերի մասին` նա ակնարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացրած «Ելք» դաշինքի վերաբերյալ. «Իսկ այսօր ավելի կարևոր հարց ունենք։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Երեկ Վանաձորում   հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին:

«Ու հիմա իրեն դուր չի գալիս, վիձիծե լի (видите ли), որ մենք տանիք ենք բարձրանում: Բայց կներեք` այսօր ՀՀԿ-ն որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, որոնք տասը տարի ԱԺ պատգամավոր լինելով` ոչ միայն տանիք, այլեւ ԱԺ ամբիոն չեն բարձրացել: Այդ մարդկանց ինչի՞ համար են պատգամավորի թեկնածու առաջադրել: Նա ասում է, թե մարդիկ ցատկոտում են տանիքներում: Մենք պատրաստ ենք մեր ժողովրդին այս հուսահատության փոսից ելք առաջարկելու համար բարձրանալ եւ նույնիսկ ցատկոտել տանիքներում, ոչ թե Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի դաշինքի, Դաշնակցության, մյուսների նման ցատկոտել Սերժ Սարգսյանի ստեղծած հայրենիք կրկեսում: Բա ասում էիք` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունե՞նք: Էդ ի՞նչ եք առավոտից իրիկուն բլբուլ կտրած ցատկոտում կրկես սարքած Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կրկես չէ, ՀՀ քաղաքացին կրկեսի հանդիսատես չէ, ՀՀ քաղաքացին իրավատեր է, ՀՀ քաղաքացին արժանապատիվ է, ՀՀ քաղաքացին հզոր է: «Եվ մենք մարդկանց ասում ենք. սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին գնացե՛ք ընտրական տեղամասեր եւ գլուխներդ բարձր, դուխներդ տեղը քվեարկե՛ք «Ելք» դաշինքի օգտին եւ չհուսահատվե՛ք, որովհետեւ ելք կա՛»,- ելույթի ժամանակ ասել է պատգամավորը: