Իլհամ Ալիևը օրերս հայտարարել է, թե Հայաստանում իշխանության եկած նոր անձինք «չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով, որոնք նպաստում են լարվածության աճին շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին»:
Այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Բիլյասուվարի շրջանի հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնում է Ազերթաջը, ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, որ հայկական բանակը չի կարող մրցել Ադրբեջանի ԶՈւ հետ, իսկ Հայաստանը «ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել»:
Նա նշել է թե «ադրբեջանական բանակն արժանի հակահարված է տալու, ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին»: «Մի քանի օր առաջ հայերի զինված սադրանքի հետևանքով բախում եղավ հայ-ադրբեջանական սահմանին, մեր զինվորները նրանց դաս տվեցին, մոտ ժամանակներս նրանք հազիվ թե ուշքի գան»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ բանակի համար խոշոր գումարներ են հատկացվելու, ինչն էլ ավելի կհզորացնի նրա մարտունակությունը:
«Բանակաշինություն, տնտեսական ներուժի ամրապնդում, միջազգային դիրքերի ամրապնդում՝ բոլոր այդ ուղղություններով Ադրբեջանը հաջող քաղաքականություն է վարում»,-ասել է Ալիևը: