տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանը խառնել է խաղաքարտերը

Նիկոլ Փաշինյանը խառնել է խաղաքարտերը

120
0

Nikol

Երեկ Ազատության հրապարակում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է ծրագրային համարել այն առումով, որ նա դրեց Հայաստանի նոր ընդդիմության խնդիրը եւ այդ համատեքստում կուսակցության գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը:

Հետաքրքիր է, որ նախօրեին Սերժ Սարգսյանը, ներկայացնելով նոր վարչապետին, սահմանեց նոր կառավարության եւ այդ համատեսքտում նաեւ իշխող կուսակցության նորացման խնդիրը: Փաստացի նա գծեց ինչ որ սահմանագիծ, որից այն կողմ հինն ու անհամարժեքն է, այս կողմ՝ փոփոխությունների ժամանակաշրջանը:
Նիկոլ Փաշինյանը նույնպես գծեց այդ սահմանագիծը հին եւ նոր ընդդիմությունների միջեւ, տալով հնի բնութագիրն ու գործունեության արատավոր բնույթը: Դա մի համակարգ է, որը պարբերաբար պարտության ու հուսախաբության է տարել ժողովրդին, ասելով ու չանելով, խոստանալով ու անզոր գտնվելով, ասել է նա:

Ընդդիմության խնդիրն իսկապես լուրջ խնդիր է Հայաստանում: Ընդունված է ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն համարել իշխանությանը, ինչը ճշմարտություն է: Սակայն, Հայաստանի հանրության կողմից երբեւէ չի դրվել ընդդիմության պատասխանատվության խնդիրը, ինչն այս ուժերին հնարավորություն է տվել խուսափել դրանից եւ իր ձախողումների ու իշխանության հետ գործարքների ողջ «մեղքը» դնել իշխանության վրա:

Այնինչ, ընդդիմության պատասխանատվությունը խիստ մեծ է եւ որոշակի առումով անչափելի իշխանության պատասխանատվության հետ: Բանն այն է, որ եթե հարցին մոտենանք կտակարանային դարձվածքով ու քիչ ինչ ձեւափոխենք այն, ապա «մարմինը սպանողից ավելի վտանգավոր է հոգին սպանողը»: Այսինքն, եթե իշխանությունը ֆիզիկապես ու նյութապես ճնշել եւ ունեզրկել է հանրությանը, ընդդիմությունը սպանել է հանրության հույսն ու հավատը եւ դրա վրա առեւտրի գնացել իշխանության հետ, ցուցաբերելով տարրական խնդիրներ լուծելու անընդունակություն:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում փորձել է ներկայացնել նաեւ իր կուսակցության գործունեության մեխանիզմներն այս իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ՝ դա 6000 դիտորդներն են, որոնք վերահսկելու են ընտրության ընթացքը, միաժամանակ վերածվելով փաստահավաք խմբի: Եւ ընտրության բնույթի վերաբերյալ նրանց ներկայացրած եզրակացությունների վրա որոշվելու է հետագա քայլերի բնույթը, այդ թվում՝ հեղափոխական ռեժիմով:

Այդ մեխանիզմների հարցում կարելի է երկար վիճաբանել, նշել ուժեղ եւ թույլ, տեսական ու գործնական պահերը, սակայն մի բան անժխտելի է՝ փաստացի առաջին անգամ ընդդիմադիր գործունեության հայտ ներկայացրած կուսակցությունը հանրությանը հաշվետու է դառնում իր գործունեության համար եւ նրան ներկայացնում իր պատկերացրած պայքարի խիստ կոնկրետ առաջարկ:

Այսինքն՝ ստանձնում է կոնկրետ պատասխանատվություն:

Երբ սեղանին դրվեց նոր Սահմանադրության նախագիծը, հայկական ընդդիմադիր կուսակցություններ դեմ դուրս եկան դրան, այն համարելով իշխող կուսակցության իշխանությունը հավերժացնելու եւ հանրային-պետական կյանքում պատասխանատվությունը լղոզելու փորձ: Փաստարկները բավական հիմնավոր էին թվում, սակայն միաժամանակ՝ թույլ, քանի որ գործնական հարթության մեջ արդեն ամեն ինչ կախված է քաղաքական ուժերից: Օրինակ, ՀՀԿ-ի իշխանության հավերժացման փորձը թույլ չտալը եւ պատասխանատվության ստանձնումը:

Այս ֆոնին, ճշմարտությունից հեռու չէին այն պնդումները, որ ընդդիմության դժգոհության հիմնական պատճառներից մեկը հենց պատասխանատվության խնդիրն էր, որը սահմանում է նոր Սահմանադրությունը եւ որի մասին փետրվարի 12-ի իր ելույթում խոսել էր Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունը չէր ցանկանում կորցնել իր «արտոնյալ» վիճակը՝ հայհոյել իշխանությանը, իր ձախողումները «պարտակել» նրա վրա, ստանալ որոշակի «բաժին» եւ խուսափել որեւէ պատասխանատվությունից:

Հայաստանում վերջին երկու տարիներին տեղի են ունենում գրեթե հեղափոխական իրադարձություններ, որոնց արդյունքում ի չիք են դառնում հարաբերությունների նախկին համակարգը պահպանելու իշխանության ու «ավանդական» ընդդիմության բոլոր ճիգերը: Իրավիճակը հասել է սահմանագծին, եւ փոփոխություններն անխուսափելի են: Այստեղ շահելու են այն ուժերը, որոնք գիտակցում են այս հանգամանքը եւ կարող են համարժեք գործունեություն ծավալել:

Այս տեսակետից, Նիկոլի հայտը՝ ինչպես ինքն է ասում՝ միակ կամ մեկ ընդդիմություն լինելու վերաբերյալ, բավական ուժեղ է եւ առայժմ միակը: Նրա ելույթում երկու բավական թույլ պահ կար, կապված ղարաբաղյան խնդրի ու արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, որոնք թույլ չեն տալիս ամբողջական դարձնել նրա հայտը: Բայց սա այլ խոսակցության նյութ է:

Շարունակությունը՝ lragir.am  կայքում