Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած համահայկական հանրահավաքին: Գեղամ Բաղդասարյանը գրել է.
«Օգոստոսի 5-ի դասերից։
Տարիներ շարունակ, երբ խոսվում էր երկու հայկական պետությունների ինտեգրման մասին, փաստացի նկատի էին առնվում երկու իշխանությունները, որոնք ոչ միայն սերտորեն համագործակցում ու ինտեգրվում էին, այլև սերտաճել էին։ Փաստացի ԱՀ և ՀՀ իշխանությունները մեկ ընդհանուր քաղաքական թիմ էին ներկայացնում և օպերատիվորեն արձագանքում էին միմյանց սպառնացող վտանգներին՝ քաղաքական թեժ պայքարի պարագայում պետական-հանրային ընդունելի և անընդունելի, օրինական և անօրինական ռեսուրսներ օգտագործելով գործող իշխանությունը պահպանելու համար Հայաստանում և Արցախում։
Արդյունքում եղել է մի աբսուրդ իրավիճակ, երբ երկու հանրությունները տարանջատվել են իրարից ու օտարացել միմյանցից, դառնալով միմյանց դարդուցավին անհաղորդ ու անտեղյակ՝ և սա երկու իշխանությունների գերիտնեգրման համապատկերում։ Ցավալի է, բայց փաստ՝ երկու հանրությունների միջև արհեստականորեն ստեղծված խոչընդոտները վերածվել են որոշակի սառնության պատի, որի չեզոքացման համար տևական ու լուրջ ջանքեր են պահանջվելու։
Նիկոլ Փաշինյանն երեկ հենց այս սառնության պատը ճեղքեց, ինչն, ըստ իս, ամենակարևոր արդյունքն էր»: