Այսօր Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտեց երեկ երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքը:
Նա առաջարկեց, որպեսզի հանձնաժողովն իր անունից դատապարտի պատգամավորի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը:
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը չի դատապարտում կատարվածը, բայց հարցն իրավական հարթությունում է, հետեւաբար առանձին գնահատական տալը տեղին չէ»,-ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
Փաշինյանը առաջարկեց նաև, որպեսզի նիստում ներառվի այն հարցը, որ օրեր առաջ ԱԺ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստի ընթացքում ելույթները եղել են ռուսերեն լեզվով, ինչը ՀՀ Լեզվի մասին օրենքի կոպիտ խախտում է:
«Ինչ վերաբերում է բարեկամական խորհրդարանական ակումբի նիստում տեղի ունեցածին, ապա ՀՀ Լեզվի մասին օրենքը չի խախտվել, քանի որ ակումբը խորհրդարանի շենքում է գործում, բայց ԱԺ-ի հետ կապ չունի: Ես օրինակ մի քանի օր առաջ իմ աշխատասենյակում շուրջ քսան րոպե անգլերեն լեզվով հարցազրույց եմ տվել, հիմա ինչ, դա էլ համարե՞նք օրենքի խախտում»,- հայտարարեց Զաքարյանը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նույնպես արձագանքեցˋ հարցնելով, թե ինչու քննարկումներին չեն հրավիրվել ընդդիմադիր պատգամավորներն, ովքեր եւս տեսակետներ կհայտնեին, եւ միանշանակ կհայտնեին իրենց դիրքորոշումը Լեզվի օրենքի մասին:
Նիստի այդ երկու հարցերն օրակարգում ներառելու Փաշինյանի առաջարկությունը դրվեց քվեարկության: Հանձնաժողովի անդամներից յոթը դեմ քվեարկեցին և առաջարկությունը չընդունվեց: