Ես իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի Հանրապետության անունից: Այս մասին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ անդրադառնալով Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին այն մասին, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախը պետք է բանակցող կողմ լինի, և որ բանակցությունների խոչընդոտի պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա:
«Բազմիցս պատրաստակամություն եմ հայտնել ներգրավվել լիարժեք բանակցային գործընթացի մեջ և ասել եմ հետևյալը, որ ես ինձ իրավասու եմ համարում բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և իրավասու չեմ համարում ինձ բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի նախագահը և վարչապետը չեմ: Շատ կարևոր է արձանագրել, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի իշխանության ձևավորմանը, որովհետև նրանք ունեն իրենց սեփական իշխանությունը, կառավարությունը, ընտրությունները, Ազգային ժողովն ու նախագահը, որն իրավասու է բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից»,- ընդգծեց վարչապետը:
Նա նաև հավելեց. «Ասվածի մեջ ըստ էության ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում նաև ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը, և, ըստ էության, այդպիսով արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Մենք շատ պարզ հարց ենք դնում. մենք բանակցում ենք ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հարցի լուծումը՝ առանց հակամարտության կողմի: Եթե մենք բանակցում ենք բանակցելու համար, մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել: Բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք չենք մոտեցել ընդհանրապես հարցի կարգավորմանը:
Իսկ ընդհանրապես, բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների և հռետորաբանության պատճառով»: