Նիդերլանդները, Գերմանիան եւ Ֆրանսիան ցանկանում են, որ Եվրոպական հանձնաժողովը լրացուցիչ երաշխիքներ կիրառի թուրքերի եւ ուկրաինացիների ԵՄ երկրներ զանգվածային ներհոսքը կանխելու համար այն բանից հետո, երբ այդ երկրների համար հանվի վիզային ռեժիմը: Սպասվում է, որ այդ երկրների համար վիզային ռեժիմը կհանվի այս ամռանը, հաղորդում է Volkskrant-ը:
Թուրքիայի բնակչությունը շուրջ 80 մլն է, Ուկրաինայինը՝ մոտ 45 մլն, եւ դա մտահոգություն է առաջացրել ԵՄ մի շարք երկրներում՝ կապված զանգվածային ներհոսքի հավանականության հետ:
Այդ երեք երկրները ցանկանում, որ ԵՄ անդամ երկրներին իրավունք տրվի ժամանակավորապես վերականգնել վիզային պահանջները, եթե անվիզա երկրներից ներհոսքը մեծ չափեր ընդունի:
Նշենք, որ Թուրքիան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելու համար ներկայացված պահանջների կեսն էլ չի կատարել, մինչդեռ վիզային ռեժիմը հանելու ժամկետը լրանում է 10 օր հետո: Բանն այն է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մայիսի 4-ին զեկույց է ներկայացնելու ԵՄ անդամ երկրներին եւ Եվրախորհրդարանին, թե որքանով է Անկարան կատարել առաջադրված պայմանները: Այս պահի դրությամբ Անկարան լրիվ կամ մասնակի բավարարել է 72 պայմաններից միայն 35-ը:
ԵՄ 28 երկրների մեծ մասը վիճարկում է Թուրքիայի 79 մլն քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանելու մտադրությունը, թեեւ բոլոր դեպքերում թուրքերին թույլ չի տրվի աշխատել կամ երեք ամսից ավելի մնալ ԵՄ տարածքում:
Շատերը մտավախություն ունեն, որ դա մահմեդական միգրացիայի նոր հոսքի դուռ կբացի այն դեպքում, երբ ԵՄ-ն այսօր պայքարում է փախստականների ներհոսքը կասեցնելու ուղղությամբ: