Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմից հաստատել են վարչապետի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը չեղարկելու փաստը։ Որոշումը կայացվել է ԱՄՆ-ում թեժացած նախագահական ընտրարշավի ֆոնին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Իսրայելի վարչապետը որոշել է հրաժարվել Բարաք Օբամայի հետ մարտի կեսին պլանավորված հանդիպումից։
«Նեթանյահուն գնահատում է հանդիպում անցկացնելու Օբամայի պատրաստակամությունը, սակայն որոշել է չմեկնել Վաշինգթոն հիմա՝ նախագահական ընտրարշավի ամենաթեժ պահին»,- մեջբերում է գործակալությունը վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությունը։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի քաղաքական իսթեբլիշմենթում Նեթանյահուն չէր ուզում, որ իրեն վերագրեն որեւէ թեկնածուի աջակցությունը։ Շատերը 2012թ. նախագահական ընտրարշավում վարչապետին համարում էին Միթթ Ռոմնիի համախոհը։