տուն Լուրեր Ներկարարյանը Ռիո 2016-ի վարկանիշ չի ունեցել. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան

Ներկարարյանը Ռիո 2016-ի վարկանիշ չի ունեցել. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան

103
0

հ

Հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը Ռիո 2016-ին մասնակցելու իրավունք չի ունեցել: Նա պետք է լինել այն 33-րդ հայ մարզիկը, ում մասնակցությունը Հայաստանի համար Օլիմպիական խաղերում մարզիկների ռեկորդային թիվ կապահովեր: 1996 թ. Ատլանտայի Խաղերում ՀՀ-ն ներկայացրել են 32 հոգի, այս անգամ պետք է լինեին 33-ը: Սակայն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) հետ կապ հաստատելուց հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Գոռը, որը, ըստ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի, որակավորվել էր հուլիսին Ուկրաինայում տեղի ունեցած մրցաշարում, իրականում վարկանիշ չի ունեցել: Armtimes.com-ի հետ հեռախոսազրույցում Միջազգային ֆեդերացիայից հայտնեցին, որ Ուկրաինայում մրցաշար տեղի չի ունեցել:

«Մեկ մրցաշար կար, որը չեղյալ է հայտարարվել, դա հաստատ է», — ասաց Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը՝ խորհուրդ տալով հարցում անել էլեկտրոնային փոստով:

Armtimes.com-ի հարցին, թե որտեղից կարելի է տեղեկություն գտնել այն մրցաշարի վերաբերյալ, որտեղ Գոռ Ներկարարյանը որակավորվել է, IAAF-ը տվել է հետեւյալ պատասխանը.

«IAAF-ը հաստատում եւ հավանություն է տալիս արդյունքներին, երբ ազգային ֆեդերացիաների կողմից ստանում է անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե մեր կայքում եւ տվյալների բազայում Գոռ Ներկարարյանի մասին ոչինչ չկա, նշանակում է նրա հետ կապված ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել: Եվ մեկ բան էլ պարզաբանենք. Գոռ Ներկարարյանը Ռիո 2016-ում չի եղել»:

IAAF-ի պաշտոնական կայքում նշված մրցաշարերի ցանկում առնվազն վերջին 2 տարիների ընթացքում Ուկրաինայում անցկացված որեւէ մրցաշարի անուն չկա: Ուկրաինայի աթլետիկայի ֆեդերացիայի պաշտոնական կայքում էլ հուլիսին անցկացված որեւէ մրցաշար, որում նշված կլիներ Գոռ Ներկարարյանի անունը, հնարավոր չէ գտնել:

Գոռի հետ կապված անորոշություն առաջացավ այն բանից հետո, երբ Ռիո 2016-ի պաշտոնական կայքում հայտնվեցին հայտացուցակները: Գոռի անունը բացակայում էր: Երկար ժամանակ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ էլ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան պարզաբանում չէին տալիս:

Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն armtimes.com-ի հետ զրույցներում մի քանի անգամ նշեց, որ մարզիկը վարկանիշ ունեցել է, եւ այն հաստատվել է, պարզապես, Գոռը Հայաստանից վնասվածքով է մեկնել, եւ մարզիչները ՀԱՕԿ-ի հետ միասին որոշել են ռիսկի չդիմել ու չհայտավորել:

Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ վստահեցրեց, որ վարկանիշի հետ կապված փաստաթղթերն իր աչքով է տեսել: Նա նաեւ նշեց, որ որոշել են չհայտավորել աթլետին, քանի որ, եթե հայտավորվեին, ու չմասնակցեր, իրենք ստիպված կլինեին տույժ եւ տուգանք վճարել:

Ռոստոմյանի խոսքերը հետագայում հերքեց Ռիոյում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը: Ինչպես ավելի վաղ նշվել էր «Հայկական ժամանակ» օրաթերթում, «Հ1»-ով ելույթի ժամանակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ խնդիրներ են եղել վարկանիշի հետ կապված, ՄՕԿ-ը այն չի հաստատել:

Այսպիսով, Հայաստանը Ռիո 2016-ին մասնակցել է ոչ թե 33, այլ 32 մարզիկով, իսկ աթլետիկայի հավաքականում եղել են ոչ թե 6, այլ՝ 5 հոգի: 5-ն էլ որակավորման փուլը չեն հաղթահարել: