«2014թ-ին ամենամեծ տնտեսաքաղաքական ձեռքբերումը Հայաստանի անդամակցությունն էր ԵՏՄ-ին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Մեր ապագա տնտեսական գործառույթները առաջին հերթին մենք կապում ենք այդ միության շրջանակներում տնտեսական ինտեգրացիոն գործընթացների հետ՝ հույս ունենալով, որ կնպաստի մեր տնտեսության իրական հատվածի, մասնավորապես՝ արդյունաբերության զարգացմանը»:
Ամփոփելով վերջին 10 ամսվա տվյալները՝ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ արդյունաբերությունը տնտեսության մեջ շարունակում է մնալ որպես դինամիկ զարգացող ուղղություն. «Տարվա կտրվածքով կարող են ապահովել են 2-3 տոկոս աճ, որը պետք է համարել դինամիկ վիճակի պահպանում: Ակնկալիքներ կային, որ արդյունաբերությունը մեծ ցուցանիշ կապահովեր և ՀՆԱ-ի մեջ, որ կազմում էր 15-20 տոկոս, կաճեր»,- ասաց Վազգեն Սաֆարյանն ու ցավով նկատեց, որ զարգացման միտումներ ունեցող երկրի համար օրինչափ չէ այն, որ ծառայությունների ոլորտը կազմում է ՀՆԱ-ի 40 տոկոսը:
Վերջինիս խոսքով՝ դրական արդյունքներ կարելի է համարել գյուղատնտեսական ոլորտում գրանցված ցուցանիշը. այն ՀՆԱ-ի 19 տոկոսն է կազմում:
Սպասումներն ու ակնկալիքները, ինչպես նշեց Վազգեն Սաֆարյանը, չարդարացան. «Ներդրումների սպասելիքներ կային, որոնք այդպես էլ չարդարացան: Կարծում եմ՝ դա պայմանավորված էր Ռուսաստան – Ուկրաինա հակամարտությամբ, ռուբլու արժեզրկմամբ»: