Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց շտապօգնության կանչերի եւ քաղաքացիների դժգոհության մասին: Արսեն Թորոսյանի խոսքով՝ շտապօգնության կանչերի ճնշող մեծամասնությանը շտապօգնության կանչ չէ. «Դա պարզապես բժշկի կանչ է տուն, ինչը այդպես չպետք է լինի: Ամբողջ աշխարհում շտապօգնության ավտոմեքենաները ծանր հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են: Իսկ մեզ մոտ հոսպիտալացումով ավարտվում է միայն կանչերի 30 տոկոսը»:
Նախարարը կարծում է՝ եթե առաջնային օղակն ավելի լավ աշխատի, դեղորայքը ճիշտ նշանակի, ապա, օրինակ, ճնշման համար շտապօգնության կանչերը պրակտիկորեն չեն լինի: «Շտապօգնության համակարգը վերակազմակերպելու մասին ենք մտածում, : Ցանկանում ենք, որ լինի մեկ ծառայություն, որը կամ կենթարկվի Առողջապահության նախարարությանը, կամ կտրվի կոնցեսիոն կառավարման»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Կառավարության անդամի խոսքով՝ շտապօգնության բրիգադներ են ավելացնելու ու երեկոյան բժիշկների համակարգ են ներդնելու: «Երեկոյան ոչ շտապօգնության, այլ բժշկի կանչերը կլինեն սովորական մեքենաներով, հերթապահություն անող բժիշկները կգնան կանչով, կօգնեն քաղաքացիներին ու խորհուրդ կտան, թե ինչ պետք է անել: Դա լինելու է անվճար և գործելու է Երևանում, քանի որ խնդիրը Երևանում է հիմնականում»,- առաջարկում է գործադիր մարմնի անդամը: