տուն Լուրեր Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում խնդիրը վերաբերմունքն է երեխայի նկատմամբ

Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում խնդիրը վերաբերմունքն է երեխայի նկատմամբ

228
0

nerarakan

Հայաստանի բոլոր դպրոցները մինչև 2025թ-ը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն՝ օրենքի պահանջներին համապատասխան, իսկ այս պահին ՀՀ-ում կա շուրջ 170 ներառական կրթություն իրականացնող դպրոց: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանում ներառական կրթության արդյունավետության մասին քննարկման ընթացքում ասաց Կրթության և Գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: ԿԳՆ գլխավոր մասնագետի խոսքով՝ 2014թ-ի դեկտեմբերի 1-ից, երբ ուժը կորցրած ճանաչվեց դեռեւս 2005թ-ին ընդունված  «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ներառականության մասին՝ գաղափարախոսությունը մի փոքր այլ ձևակերպում ստացավ:

«Եթե մինչեւ այդ  խոսվում էր հաշմանդամություն ունեցող երեխաներին սոցիալական միջավայր, դպրոց ներառման մասին, հիմա ավելի ընդգրկուն ձևակերպում ունենք, ներառումը դա յուրաքանչյուր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական գործընթացին: Յուրաքանչյուր երեխա պետք է իրեն կարևոր ու հարմարավետ զգա ուսումնական միջավայրում»,- ասաց տիկին Մուրադյանը:

ԿԳ նախարարության մասնագետի պնդմամբ՝ օրենքի հիմնական մեխը համընդհանուր ներառման գաղափարախոսությունն է:

Մեկ այլ բանախոսի՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադևոսյանի համոզմամբ էլ՝ մինչ 2025 թվականը, երբ ՀՀ-ն հայտարարի, որ իր ամբողջ հանրակրթության համակարգը ներառական է, ապա այդ ճանապարհին շատ-շատ խնդիրներ կան հաղթահարելու:

Ձեռքբերումներին չանդրադառնալով՝ վերջինս նշեց, որ մեծագույն խնդիրը ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մնում է վերաբերմունքը երեխայի նկատմամբ:

«Այդ խոչընդոտն առկա է թե´ ընտանիքում, թե´ դպրոցում, թե´ հասարակության մեջ: Այդ մասով անելիքներ ունեն համապատասխան ՀԿ-ները՝ փորձելով փոխել կարծրատիպերը»:

Նա ցավով ընգծեց եւս մեկ բան. «Հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է զարգացվել հատուկ մասնագետների «տեսողությունը» ՝  լավ տեսնելու մարդու թերություններն ու արատը, երբ, փոխարենը, կարող են գնահատել ու տեսնել մարդու կարողություններն ու ընդունակությունները»:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. N 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանն էլ իր հերթին պնդեց՝ դպրոցում պետք է, նախևառաջ, ստեղծվի մինի ներառական հասարակություն, որից հետո միայն առաջ ընթանալ: